«Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին մեկ ամսում գերակտիվացել է․ ձերբակալություններ Երեւանի քաղաքապետարանում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, ՆԳՆ-ում, բժշկական հաստատություններում, դատական համակարգում ու ՊԵԿ-ում։ Իրավապահ համակարգից փոխանցում են՝ սա ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար է, այլ նախընտրական քարոզչության մեկնարկ, և նման շոուներ առաջիկա մեկ տարում դեռ շատ կլինեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավար Արթուր Նահապետյանը Փաշինյանից ուղիղ հրահանգ է ստացել եւ քուն-դադար կորցրած` որոշել է կատարել, արդարացնելով իրեն նշանակողի սպասումները։
Բոլոր ձերբակալված պաշտոնյաները նույն մեղադրանքով են անցնում՝ կաշառքի։ Չբավարարվելով իրենց ստացած օպերատիվ տվյալներով, Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է էլ ավելի թափով «բռնել» պաշտոնյաներին՝ «Թեժ գիծ» բացելով: «Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր»․ այսպես է դիմել Կոմիտեն ՀՀ քաղաքացիներին` կոչ անելով ակտիվորեն «գործ տալ», որ կաշառակերներին շուտ բացահայտեն։ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է «Թեժ գիծ», որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ Կոմիտեի՝ իրենք երաշխավորում են տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոմիտեից մեզ փոխանցում են՝ արդեն ահազանգեր են ստանում, իսկ թե դրանց թիվը որքան է, ինչ դեպքերի մասին է խոսքը, ասացին՝ ավելի ուշ կպատասխանեն։
Փաստաբան Մարատ Ատովմյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀԿԿ-ի կողմից «Թեժ գիծ» ստեղծելուն, ասաց․ «Դա մեծ հայտնագործություն չէ, աշխարհում կան նման բաներ։ Ռիսկ կա, որ հաստատ մարդիկ են լինելու, որ ուղղակի տեղեկատվություն են թողնելու, որ ճիշտ ձեւակերպված չէ, հասկանալի չէ, ապացուցված չէ որեւէ ձեւով։ Հենց դա է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ ֆիլտրեր պետք է ներդնի, որ դրա միջոցով հասկանան՝ ֆե՞յք է, սուտ մատնությո՞ւն է, թե՞ իրականությանը համապատասխանող է: Ես ուղղակի չգիտեմ՝ ոնց են իրենք ստուգելու կամ ընթացք տալու, հետադարձ կապ հաստատելու։ Դեռ պրակտիկան էլ չկա, կդժվարանամ ասել՝ դա որքան արդյունավետ կլինի»։ Փաստաբանը նաեւ նշեց՝ ուրիշ խնդիր էլ կա․ «Իրազեկման խնդիր կա, որ մարդը հաղորդումը տվեց, ի՞նչ հետեւանք է ունենալու դա իր համար։ Դա ինչո՞ւ պիտի գաղտնի լինի, կարող են մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսնել, փոքրիկ հասարակություն է` բոլորն իրար ճանաչում են, հազար նրբություն կա, որ մարդիկ պետք է իրազեկ լինեն՝ անանո՞ւն են օգտվում, թե՞ բացահայտ են օգտվում այդ համակարգից»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում