17 Մայիսի, 2025
Տեւական ժամանակ ընդդիմադիր դաշտում ծեծված ու արդեն երկար ծամծմված  Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի թեման վերջապես նոր զարգացում ունի․ բայց ինչպիսի՞ զարգացում։  Այն բանից հետո, երբ պարզվեց, որ խորհրդարանական ընդդիմությունը  կադրային բանկրոտի տակ է, եւ  քաղաքական արգանդն  անքան է ամլացել ու չորացել, որ ամեն օր ամբիոնից «կապիտուլիանտ ու թուրքի գործակալ» որակվող մարդուն  փոխարինող գտնել չեն կարողանում,  Փաշինյանի նախկին թիմակիցները՝ ՔՊ-ից դուրս եկած 2-ը,  գտել են երկար փնտրված թեկնածուին։ Նա  Նիկոլ Փաշինյանի հետ մի ժամանակ քաղաքական ճգնաժամից «ելք» առաջարկող  «ԵԼՔ-ի գործընկեր, ավելի ուշ հեղափոխական դարձած ընկեր, հետո ընդդիմադիր դիրքավորված, իսկ հետո Փաշինյանի մոտ Հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած, հետո նրա կողմից աշխատանքից հեռացված ու այս պահին դարձյալ  Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընդդիմադիր դիրքավորված  Էդմոն Մարուքյանն է։

Վարչապետի թեկնածու դառնալու առաջարկին Էդմոն Մարուքյանն համաձայն է։  Պրոֆեսիոնալ կերպով, որպես կլասիկ քաղաքական գործիչ՝  նա արդեն հասցրել է թարմացրել կենսագրությունը, ներկայացրել հանրությանն ու ընդդիմությանը, ուղիղ եթերում զանգել ընդդիմադիր խմբակցություններին։ Մնում է հասկանալ՝ ինչպես կարձագանքեն խորհրդարանական ընդդիմադիրները ազգային հերթական այս կլոունադային։

Չի հեռանում այդ մարդը,  եւ այո՛, պե՛տք է նրան հեռացնել լինի դա բողոք-ցույցերով, փողոցներով ու ապակենտրոն պայքարի մեթոդներով, շրջափակումներով,  կամ էլ  իմպիչմենտով ու խորհրդարանի լուծարմամբ։

Սակայն  այստեղ  է, որ վրա է հասնում ամենակարեւոր հարցը․ ումո՞վ փոխարինել Փաշինյանին։ Նիկոլի իմպիչմենտի  գաղափարը խորհրդարան բերող կողմերի համար պարզվում է, դա երկրորդական հարց է, առաջնայինը՝ Նիկոլի իմպիչմենտն է։ Ասել է, թե Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել եւ վերջ, կամ «մերժենք Նիկոլին»  եւ վերջ։  Նիկոլին կարող է փոխարինել ցանկացած մեկը։ Կամ՝  չլինի Նիկոլը, ով ուզում է  լինի․  դա  կարող է  լինել «պոլի փայտ», կամ էլ թեկուզ Նիկոլի «մաշիկները»։ Բայց մի՞թե սա ավելի վտանգավոր խաղ չէ, քան հենց Նիկոլ Փաշինյանն  ու իր կառավարությունն են այս երկրի համար։ Այսինքն,  մենք կարող ենք մի նոր Փաշինյան բերել Փաշինյանից հետո՝ լավագույն դեպքում, իսկ վատագո՞ւյն դեպքում։ Այդ փորձն էլ արդեն ունենք՝ 2018-ին արդեն մեկ անգամ «մերժել ենք»  ազգովի․․․  Եւ այսքանից հետո հազարամյա այս երկրի խեղճ մեջքը էլ իվիճակի կլինի՞   կրելու մի նոր Փաշինյան՝ Փաշինյանից հետո։ Այ, սա՛ է խնդիրը։

Ո՞վ է Էդմոն Մարուքյանը․ Մարուքյանի քաղաքական կենսագրությունը սկսվում է անկախ պատգամավորությունից։ Բայց ժամանակին մամուլը անկախ Էդմոնի «պոչը» կապում էր իշխանական պոչերին։

Հեղափոխությունից հետո թիմով հայտնվեց  խորհրդարանում եւ դիրքավորվեց որպես ընդդիմություն։ Պատերազմական օրերին ո՞րն էր Էդմոնի դիրքորոշումը․ նա հստակ  նիկոլական  գծի մեջ էր,  եւ մինչեւ հիմա հստակ դիրքորոշում չի հայտնել՝ օրինակ նոյեմբերյան թուղթը, որ  ստորագրեց Փաշինյանը Ալիեւի հետ,  Էդմոնի սրտի՞ թուղթն էր, փրկությա՞ն թուղթ էր, թե՞ կապիտուլիացիա․․․Այս վերջինի վերաբերյալ նա մի քանի տարբերվող տեսակետ է հայտնել:

Արտահերթ խորհրդարանական  ընտրություններից հետո ժողովուրդն իր գնահատականը տվեց մարուքյանական կուրսին․ նա հայտնվեց լուսանցքում ու դարձավ Փաշինյանի իշխանության դաժան քննադատը այնքան ժամանակ, մինչեւ Նիկոլ Փաշինյանը նրան հրավիրեց կառավարություն ու հատուկ պաշտոն ստեղծեց՝ Հատուկ հանձնարարությունների դեսպանի։ Մարուքյանը սեղմեց Փաշինյանի ձեռքը եւ գնաց մարտնչելու դիվանագիտական ճակատում՝ «հանուն» մեր երկրի ու Փաշինյանի։

Հետո նրա աշխատանքից դժգոհ Փաշինյանը կրճատեց իր մոտ դեսպան աշխատած մարդուն,  ու այդ օրվանից,  մեկ գիշերվա մեջ դարձյալ Մարուքյանն հայտնվեց  ընդդիմադիր դաշտում եւ առայժմ այդ կուրսի մեջ է։ Իսկական «կլասիկ գործչի» վիճակ։

Փաշինյան-Մարուքյան ընդհարումներն  ու հաշտություններն առհասարակ մեկ գավաթ գինու հետ փոխվում են։ Հանրությունը շատ լավ է հիշում  2016-ի  աղմկոտ «հրաձգությունները», որոնք Թեւան   Պողոսյանենց պատշգամբում փոխարինվեցին քաղաքական սիրո ու հավատարմության հարաբերությունների։  Այդ հարաբերություններում այսօր էլ ոչինչ չի փոխվել․ մեկ բաժակ գինի, մի թեթեւ պաշտոն, եւ Մարուքյանը ինչպես միշտ պատրաստ է՝ իր տեղում։  Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանն ասում էր՝ Նիկոլ Փաշինյանի  գրկում։ Այլ կերպ ասաց քաղաքական այս կլոունադայի հանգուցալուծումը մեկ լավ «սեղանի» գին է:

ArmDay.am

 

 

Լրահոս