29 Հոկտեմբերի, 2025

Լիտվայի կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում որոշում է ընդունել մինչև նոյեմբերի վերջը փակել Բելառուսի հետ սահմանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Հաղորդվում է, որ նախարարների կաբինետի որոշմամբ Շալչինինկայ-Բենյակոնի սահմանային անցակետն ամբողջությամբ փակ է։

«Անցումը Մյադինինկայ-Կամեննիյ Լոգ սահմանային անցակետով սահմանափակված է։ Այս անցակետով անցնելու արգելքը չի տարածվում դիվանագետների, դիվանագիտական ​​փոստի և այն անձանց վրա, որոնք տեղաշարժվում են տարանցման պարզեցված փաստաթղթով, ինչպես նաև Լիտվա վերադարձող Լիտվայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վրա։ Այն նաև չի վերաբերում Եվրոպական միության, Եվրոպական տնտեսական գոտու և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, Լիտվա մուտք գործող օտարերկրացիներին, որոնք երկիր են վերադառնում Լիտվայում գործող թույլտվության առկայությամբ, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հումանիտար այցագրեր ունեն», – նշվել է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ որոշումը կգործի մինչև նոյեմբերի 30-ը, որից հետո Լիտվայի կառավարությունը որոշում կընդունի կարանտինը երկարաձգելու մասին։

Լիտվա-բելառուսական սահմանը փակվել է լույս հոկտեմբերի 27-ի գիշերն օդային տարածքում տեղի ունեցած հերթական միջադեպի պատճառով։ Հայտարարվել էր, որ հոկտեմբերի 29-ին Լիտվայի կառավարությունը որոշում կընդունի այս որոշման ժամկետների մասին։

Անցյալ շաբաթ Լիտվան երեք անգամ դադարեցրել էր Բելառուսի հետ սահմանային անցակետերում ձևակերպումը՝ Բելառուսի տարածքից մաքսանենգ ապրանքներով օդերևութաբանական զոնդերի ներթափանցման պատճառով։ Նաև աշխատանքն էր դադարեցրել Վիլնյուսի օդանավակայանը: Այս դեպքերից հետո Լիտվայում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտաներ են հանձնվել։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, որ դիտարկում է տևական ժամկետով Բելառուսի հետ սահմանի հնարավոր փակումը։

 

Լրահոս