Քննարկումն ընդգրկել է հարցերի լայն շրջանակ՝ ձեռագրական հավաքածուների պահպանության համակարգի արդիականացում, թվայնացում և գիտական հետազոտություն։ Բոլոր կողմերը վերահաստատել են անվերապահ պատրաստակամությունը՝ շարունակելու արդեն իսկ իրականացվող համատեղ ծրագրերը և մշակելու առաջիկա գործողությունների ծրագիրը։
Մասնավորապես կարևորվել են Վենետիկի Մխիթարյան միաբանություն կատարած առաքելության արդյունքները, Զմմառի կղերի միաբանության նորաստեղծ ենթակառուցվածքներին ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից բերված 10-րդ դարի Ավետարանի վերականգնումը։ Մատենադարանի տնօրենությունը պաշտոնապես հրավիրվել է Անթիլիաս և Զմմառ։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են Հայագիտական միջազգային կոնգրեսի բացառիկ դերը՝ որպես առկա խնդիրների համատեղ վերլուծության և համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի։Հանդիպման ավարտին ստորագրվել է երկամյա պայմանագիր Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև՝ Համահավաք ձեռագրացուցակի ստեղծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։