«Այս օրերին Գագիկ Ծառուկյանը շարունակում է ակտիվ հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Չնայած այս շրջանի ծանրաբեռնվածությունն իսկապես ահռելի է, նա փորձում է որևէ մեկին չնեղացնել՝ հնարավորության սահմաններում անձամբ հանդիպել, լսել և քննարկել առաջարկները։ Պատճառը պարզ է․ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը ձևավորվում է սրտացավ մարդկանց գաղափարների և առաջարկությունների հիման վրա։
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող համախմբվածությունը և նրա առաջ քաշած վերկուսակցական, հանրային «Նոյյան տապան»-ի գաղափարը հայտնի շրջանակներում որոշակի ցնցումներ է առաջացրել։ Հնչող տեսակետների մի մասն անգամ դժվար է քննադատություն անվանել, քանզի ասելիքի բացակայությամբ պայմանավորված կենցաղային վիրավորանքների մակարդակի վրա է՝ տեղափոխված անձնական հարթություն։ Չեմ զլանա ու հերթական անգամ կոչ կանեմ բոլորին պահպանել քաղաքական խոսույթի կոռեկտության սահմանները։ Իսկ եթե այդ սահմանները խախտվեն, ապա ապակենտրոն հակազդեցությունը կլինի անխուսափելի ու նման խոսույթով հանդես եկողներին հասկանալի լեզվով։ Սա՝ ի գիտություն։
Մենք ուշի ուշով հետևում ենք տարբեր «մայրցամաքների» կողմից իրականացվող և հայ հանրությանը հրամցվող սոցիոլոգիական հարցումներին և ուզում ենք ասել՝ իրականությունը միանգամայն այլ է: Մենք շատ լավ տիրապետում ենք հանրային տրամադրություններին։ Այնպես որ, բոլորին հորդորում ենք չփորձել տարբեր պատվիրատուների կողմից «պատվերով համերգի» սկզբունքներին համապատասխանող սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը»,-գրել է նա: