Վաղարշապատի Զվարթնոց թաղամասի Այվազովսկու փողոցը վաղուց արդեն սովորական ճանապարհ չի։ Տեղացիները ասում են՝ սա ավելի շատ «սեզոնային փորձություն» է՝ձմռանը սառույց, անձրևին՝ ճահիճ, ամռանը՝ փոշի ու փոսեր։ Մի խոսքով՝ եղանակը փոխվում է, բայց վիճակը՝ չէ։
Մարդիկ արդեն ոչ թե ուղղակի ճանապարհով են գնում, այլ հաշվարկում են՝ կհասնե՞ն, թե՞ նորից մեքենան կմտածի կեսից հետ դառնալու մասին։ Փոսերն էլ էնքան ծանոթ են դարձել, որ նոր եկողին կարող ես առանց GPS-ի ուղիղ ցույց տալ՝ որտեղից շրջանցի, որտեղից աղոթի։
Բնակիչների խոսքով՝ անցած տարվա նախընտրական շրջանում Արգիշտի Մեխակյանը եկել էր թաղամաս, լսել դժգոհությունները ու վստահեցրել, որ խնդիրը լուծվելու է։ Այդ օրը խոսքերը շատ էին, մարդիկ էլ՝ որոշ չափով հավատացող։ Բայց ընտրություններից հետո մնացել է նույն ճանապարհը ու նույն իրականությունը։
Հիմա, երբ նորից ակտիվ քաղաքական շրջան է, նույն սցենարը կրկնվում է՝ այցեր, հանդիպումներ, խոստումներ, «կկարգավորվի», «ծրագրի մեջ է», «ուշադրության կենտրոնում է»։ Թաղամասում արդեն այդ բառերը նորություն չեն, այլ պարզապես ծանոթ ֆոնային աղմուկ։
Մարդիկ արդեն բաց են խոսում՝ «անցած անգամ էլ նույնը ասվեց, ուղղակի ձևն էր ուրիշ»։ Ոմանք նույնիսկ հեգնանքով են ասում՝ եթե տարիներով ոչինչ չի փոխվել, հիմա ինչի՞ վրա պետք է հավատան նոր խոստումներին։
Այսօր Այվազովսկու փողոցում հիմնական զգացողությունը պարզ է՝մարդիկ վաղուց չեն սպասում խոսքերին, այլ սպասում են իրական փոփոխության։ Բայց մինչ այդ, ինչպես իրենք են ասում, նույն ֆիլմն է գնում՝ միայն ընտրությունների անունն է փոխվում, մնացածը նույնն է մնում։



