Արագածոտնի մարզում հիմա, երևի, կրթական նոր բարեփոխում են սկսել։
Դասերը սկսվում են ոչ թե զանգով, այլ՝ «գազելը հասա՞վ» հարցով։
Որովհետև վերջին օրերին մարզում ամեն ինչ խառնվել է քաղաքական քարոզարշավի հետ, ու դպրոցներն էլ կամաց-կամաց վերածվում են կուսակցական ֆոնի։
Մարզի տարբեր համայնքներից արդեն բացահայտ խոսում են, որ ուսուցիչներին ու աշակերտներին տարել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավներին։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ որոշ դպրոցներում նույնիսկ դասապրոցեսն են դադարեցրել, որպեսզի մասնակցություն ապահովեն իշխանական հավաքներին։
Ստացվում է՝ դասերի փոխարեն հիմա քաղաքական «պրակտիկա» է ընթանում։
Երեխաները ոչ թե գիտելիք են ստանում, այլ սովորում են, թե ինչպես է ընտրություններից առաջ իշխանությունը մարդ հավաքում։
Բայց պատմության ամենահետաքրքիրը հետո է սկսվում։
Լրագրողները հարցնում են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին՝
— Ինչո՞ւ են ուսուցիչներն ու աշակերտները աշխատանքային ժամին մասնակցում քարոզարշավի։
Մարզպետի պատասխանը կարճ էր ու արդեն խորհրդանշական դարձած․
— Ես արձակուրդում եմ, տեղյակ չեմ։
Այսինքն՝ ամբողջ մարզում խոսում են դպրոցներից մարդկանց քարոզարշավ տանելու մասին, տեսանյութեր են տարածվում, ուսուցիչների մասնակցությունն են ֆիքսում, մարդիկ քննարկում են, բայց մարզպետը ոչինչ չգիտի, որովհետև արձակուրդում է։
Էդ նույն տրամաբանությամբ, եթե վաղը ամբողջ մարզպետարանը վերածեն կուսակցության շտաբի, ինքն էլի կասի՝
«Ես հանգստանում էի, տեղյակ չեմ եղել»։
Արագածոտնի մարզում հիմա ամեն ինչ այնքան է խառնվել քաղաքականության հետ, որ մարդիկ արդեն հեգնում են՝ դպրոցներում շուտով նոր առարկա կբացեն՝ «քարոզչության հիմունքներ»։
Ու ամենացավալին այն է, որ այս ամենը փորձում են ներկայացնել որպես նորմալ երևույթ։
Մի կողմից պաշտոնյաները հերքում են, մյուս կողմից՝ նույն ուսուցիչներն ու աշակերտներն արդեն կադրերում են։ Մարդիկ իրենց աչքով տեսնում են, թե ինչ է կատարվում։
Ընտրություններից առաջ իշխանությունը մտել է ամբողջական քարոզչական ռեժիմի մեջ։
Ու թվում է՝ կարևոր չէ՝ դպրոց է, համայնքապետարան, թե պետական հիմնարկ։ Կարևորը մարդ հավաքելն է, ֆոն ստեղծելը, ցույց տալը, թե «մեծ աջակցություն կա»։
Իսկ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի «արձակուրդային անտեղյակությունը» դարձել է այս ամբողջ պատմության ամենախորհրդանշական մասը։
Երբ մարզում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, պատասխանատուները հանկարծ ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում։
Բայց մարդիկ տեսնում են։
Ու շատ լավ հասկանում են, թե ինչու են ամբողջ Արագածոտնի մարզի դպրոցները ընտրություններից առաջ կամաց-կամաց վերածվում քաղաքական հավաքատեղիների։
Mnews.am