21 Մայիսի, 2026

Կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այնքան են սովորել հրաման տալուն, որ այլևս չեն տարբերում բիզնեսը պետությունից, աշխատողին՝ քաղաքացուց, իսկ սեփական ամբիցիաները՝ ազգային շահից։ Երբ փողն ու ազդեցությունը երկար ժամանակ դառնում են գլխավոր լեզու, որոշների մոտ ծնվում է վտանգավոր պատրանք, թե ժողովուրդն էլ իրենց ենթակա անձնակազմն է, իսկ Հայաստանը՝ մեծ ձեռնարկություն, որտեղ իրենք տնօրենի աթոռին են նստած։ Այդ մտածողության ամենախոսուն օրինակներից մեկը հաճախ դառնում է Սամվել Կարապետյանը։

«Էս մարդը դեռ կարծում է, թե Հայաստանը մեծ գործարան է, իսկ հայ ժողովուրդը՝ իր վարձու աշխատողները»,այս միտքը կարծես հատուկ գրված լինի նրա քաղաքական ու հանրային պահվածքը նկարագրելու համար։ Տպավորություն է, թե նա մինչև հիմա ապրում է այն իրականությունում, որտեղ եթե մեծ կապիտալ ունես, ավտոմատ ստանում ես նաև ժողովրդի վրա «տնօրենություն անելու» իրավունք։

Նրա ելույթներն ու պահվածքը հաճախ հիշեցնում են գործարանի խիստ տնօրենի ժողով՝ նույն տոնով, նույն վերևից նայելով, նույն համոզվածությամբ, թե ժողովուրդը պիտի լուռ լսի ու գլխով անի։ Մնում է միայն աշխատանքի ժամացույց կախեն Հանրապետության հրապարակում, որ ամեն առավոտ «հերթափոխը» սկսվի։

Թվում է՝ որոշ մարդիկ չեն նկատել, որ Հայաստանը վաղուց դուրս է եկել օլիգարխիկ գրասենյակի ռեժիմից։ Այստեղ քաղաքացին այլևս «կադր» չէ, որին կարելի է հրահանգել, վախեցնել կամ հերթական հայրենասիրական ճառով կառավարել։ Բայց երբ մարդը տարիներով սովոր է եղել ամեն ինչ լուծել փողի, կապերի ու ազդեցության միջոցով, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ ժողովուրդը քեզ աշխատող չի համարում, իսկ երկիրը՝ սեփական բիզնեսը։

Հայաստանը մարդկանց անձնական հոլդինգը չէ։

Իսկ ժողովուրդը վաղուց ազատվել է «տնօրեն ջան»-ի հոգեբանությունից։

Mnews.am

Լրահոս