3 Հունիսի, 2026
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը գրում է․

Մեր երկրում ստեղծված լարված քաղաքական իրավիճակից ելնելով՝ Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի խորհուրդը կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի խորացնել հասարակական բևեռացումը և հանրային լարվածությունը։ Հանրության շրջանում ձևավորված ծայրահեղ լարված և պայթյունավտանգ մթնոլորտը վերահսկելի սահմաններում պահելու, հնարավոր բախումներն ու ներքաղաքական ապակայունացումը կանխելու նպատակով՝ իշխող քաղաքական ուժին և նրան աջակցող հասարակական կազմակերպություններին հորդորում ենք գործել բացառապես օրենքի և իրավական պետության սկզբունքների շրջանակներում։ Հակառակ դեպքում՝ ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր հետևանքների ամբողջ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը ընկնելու է գործող իշխանությունների և իշխող քաղաքական ուժի վրա։
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը ցավով արձանագրում և դատապարտում է այն փաստը, որ նախընտրական ամբողջ գործընթացի շրջանակներում արձանագրվել են վարչական ռեսուրսների չարաշահման, պետական լծակների կիրառման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակման, ապօրինի ձերբակալությունների և քաղաքական ճնշումների բազմաթիվ դեպքեր։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից կազմակերպված արհեստական տեղեկատվական և քաղաքական շոուները երկրում ձևավորել են առավել վտանգավոր և անկայուն մթնոլորտ՝ խորացնելով անվստահությունն ու ներքին բաժանումները։
Այսպիսի գործելաոճը հակասում է ժողովրդավարական արժեքներին, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը և խոչընդոտում է մեր երկրի՝ իրավական և եվրոպական արժեքների վրա հիմնված զարգացման ճանապարհը։
Հարկ ենք համարում նշել, որ մենք արձանագրել և փաստագրել ենք զոհված զինծառայողների ընտանիքների, անհայտ կորածների հարազատների և ազատամարտիկների նկատմամբ հնչեցված վիրավորանքների, ճնշումների և ահաբեկման բազմաթիվ դեպքեր։ Բոլոր համապատասխան նյութերը փոխանցվելու են իրավասու և միջազգային համապատասխան կառույցներին՝ իրավական գնահատականի և հետագա ընթացակարգերի համար։

Լրահոս