11 Հունիսի, 2026

Այսօր կառավարությունը հերթական անգամ հիշեցրեց, որ քաղաքացիների առողջության, տնտեսության և բյուջեի հանդեպ իր սերը սահմաններ չունի։ Չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տրվեց մի նախագծի, որով նախատեսվում է բարձրացնել ծխախոտի, ալկոհոլի, բենզինի և դիզվառելիքի ակցիզային հարկերը։

Պաշտոնական բացատրությունը, բնականաբար, գեղեցիկ է հնչում՝հարկային քաղաքականության ներդաշնակեցում, ԵՏՄ շրջանակներում համագործակցություն, գնաճի հաշվառում, լրացուցիչ եկամուտներ բյուջեի համար։ Թարգմանաբար՝ ամեն ինչ թանկանալու է, բայց շատ քաղաքակիրթ ձևակերպումներով։

Ծխողներն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են հայտնվել։ Սովորական ծխախոտի ակցիզը տարեկան կբարձրանա 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ սկզբում միանգամից 100 տոկոսով։ Կարծես կառավարությունում ինչ-որ մեկը տեսել է, որ մարդիկ ավանդական ծխախոտից անցնում են այլընտրանքների և որոշել է՝ «ոչ մի փախուստ»։

Նարգիլեի սիրահարներն էլ անտեսված չեն մնացել։ Առաջին տարում 40 տոկոս, հետո էլ հերթով 30-ական տոկոս բարձրացումներ։ Այսինքն՝ եթե նախկինում նարգիլե էին ծխում հանգստանալու համար, առաջիկայում կարող են սկսել միայն հաջող վարկ ստանալուց հետո։

Բայց ամենահետաքրքիրը բենզինն ու դիզվառելիքն են։ Որովհետև երբ թանկանում է վառելիքը, սովորաբար թանկանում է նաև այն ամենը, ինչ շարժվում է, տեղափոխվում է, բերվում է, տարվում է կամ ընդհանրապես գոյություն ունի։ Այսինքն՝ գրեթե ամեն ինչ։

Իհարկե, կա նաև լավ լուր։ Մրգային օղիների ակցիզային հարկը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։ Այսպիսով, եթե քաղաքացին դժգոհ լինի ծխախոտի, բենզինի կամ ապրանքների գների աճից, գոնե տեսական հնարավորություն կունենա այդ ամենը մի փոքր ավելի մատչելի մրգային օղիով մարսելու։

Կոնյակագործներն էլ անմասն չեն մնացել պետական հոգատարությունից։ Կոնյակի ակցիզային հարկը կսահմանվի 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից։ Պարզ ասած՝ եթե ինչ-որ բան պետք է խրախուսել, դա հայկական կոնյակն է։

Արդյունքում ստացվում է բավական հետաքրքիր պատկեր։ Կառավարությունն ասում է, որ պայքարում է վնասակար սովորությունների դեմ, համալրում է բյուջեն, ներդաշնակում է հարկային քաղաքականությունը և հաշվի է առնում գնաճը։ Իսկ քաղաքացին լսում է այս ամենը և փորձում հասկանալ՝ հաջորդ տարի առաջինը ո՞րն է թանկանալու՝ բենզինը, ծխախոտը, ապրանքները, թե իր նյարդերը։

Մի խոսքով, եթե նախկինում ասում էին՝ «առողջ ապրելակերպը թանկ հաճույք է», հիմա կարծես թե որոշվել է, որ ցանկացած ապրելակերպ պետք է թանկ հաճույք դառնա։

Mnews.am

Լրահոս