«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հունիսի 16-ին մեկնարկող Ազգային ժողովի ութերորդ գումարման փաստացի վերջին հերթական նստաշրջանը իշխանության համար կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական ակտիվության, այլև հաշվետվությունների և պատասխանատվության քննություն։ Թեև պաշտոնական օրակարգում ընդգրկված են տասնյակ օրենքների նախագծեր, իրական քաղաքական հետաքրքրությունը կենտրոնացած է մեկ հարցի շուրջ՝ արդյո՞ք պետական մարմինների ղեկավարները վերջապես կպատասխանեն հասարակությանը հուզող հարցերին, թե՞ խորհրդարանը կրկին կվերածվի հաշվետվությունների ձևական ներկայացման հարթակի։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը։ Տարիներ շարունակ իշխանությունը հակակոռուպցիոն պայքարը ներկայացրել է որպես իր գլխավոր քաղաքական դրոշներից մեկը, սակայն հասարակության շրջանում դեռևս բազմաթիվ հարցեր կան հայտարարագրերի ստուգումների, շահերի բախման դեպքերի և բարձր պաշտոնյաների պատասխանատվության վերաբերյալ։ Խորհրդարանական քննարկումը կարող է վերածվել հերթական սուր բախման իշխանության և ընդդիմության միջև։
Օրակարգում ընդգրկված է նաև 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Սա այն փաստաթուղթն է, որտեղ թվերի հետևում թաքնված են իրական պատասխանները՝ որքան արդյունավետ են ծախսվել հարկատուների միջոցները, ինչ ծրագրեր են ձախողվել, և ինչու են բազմաթիվ ոլորտներում խոստացված արդյունքները դեռևս տեսանելի չեն։
Միևնույն ժամանակ, խորհրդարանը պատրաստվում է քննարկել մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ՝ սկսած խաղային բիզնեսի սահմանափակումներից մինչև բանկերի վերակառուցման, սնանկության, ներդրումների և հարկային օրենսգրքի փոփոխություններ։ Սակայն քաղաքական իրականության մեջ նույնիսկ ամենակարևոր օրենքները հաճախ ստվերվում են մեկ պարզ հարցով՝ կա՞ արդյոք իշխանության պատրաստակամությունը լսելու քննադատությունը և պատասխանելու անհարմար հարցերին։
Հունիսի 16-ից սկսվող նիստերը ցույց կտան, թե Հայաստանի խորհրդարանը պատրաստ է իրական քաղաքական քննարկման, թե՞ հերթական անգամ ընտրելու է ընդդիմության դեմ ագրեսիվ քարոզչության ճանապարհը»։