Ողբերգության տարելիցին նվիրված հայտարարության մեջ նշվում է, որ արձանագրվել է «զգալի առաջընթաց», հատկապես՝ ինքնաթիռի համակարգերի, ինքնաթիռի սև արկղերի տվյալների, շարժիչների բաղադրիչների, ինչպես նաև շահագործման և տեխնիկական փաստաթղթերի վերլուծության մեջ։ Սակայն հետաքննության ավարտի հստակ ժամկետներ չեն նշվում։
Boeing 787 Dreamliner-ի աղետը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 12-ին՝ Ահմեդաբադից Լոնդոն թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռն ընկել է օդանավակայանից մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա և բախվել բժշկական քոլեջի հանրակացարանի շենքին՝ առաջացնելով պայթյուն։
Օդանավում գտնվել է 241 մարդ, նրանք բոլորը զոհվել են։ Եվս 19 մարդ զոհվել է գետնի վրա։ Զոհերի թվում են Հնդկաստանի 169 և Մեծ Բրիտանիայի 53 քաղաքացիներ։ Փրկվել է միայն մեկ ուղևոր՝ Լեսթերից Վիշվասկումար Ռամեշը։
Ավելի վաղ հրապարակված նախնական զեկույցը ցույց էր տվել, որ թռիչքից վայրկյաններ անց վառելիքի անջատիչները փոխադրվել են «անջատված» դիրքի, ինչը հանգեցրել է շարժիչների կանգառի և քարշի լիակատար կորստի։ Օդաչուների խցիկի ձայնագրություններում նրանցից մեկը հարցնում է մյուսին, թե ինչու է նա դա արել, սակայն հետաքննությունը դեռ չի պարզել, թե կոնկրետ ով է արտասանել այդ խոսքերը։
Զեկույցի հրապարակումից հետո հանրության ուշադրությունը կենտրոնացավ անձնակազմի գործողությունների վրա։ Մի շարք լրատվամիջոցներում, ներառյալ Reuters-ը և The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդվում էր հետաքննության թիրախի հնարավոր տեղափոխման մասին դեպի ավագ օդաչու՝ կապիտան Սումեետ Սաբհարվալը։ Հնդկաստանի օդաչուների ասոցիացիաները խստորեն քննադատել են նման ենթադրությունները՝ հայտարարելով, որ դրանք վաղաժամ են։
Կապիտան Սաբհարվալի հայրը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել որդու հեղինակությունը։ «Ամեն անգամ, երբ վթար է տեղի ունենում, մեղադրում են օդաչուին։ Ինչո՞ւ։ Դա գործը փակելու ամենահեշտ ձևն է։ Նա չի կարող պաշտպանել ինքն իրեն»,,- ասել է նա։