ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է այլ անձանց օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի, ինչպես նաև շինություններով ծանրաբեռնված հողատարածքներն ապօրինի օտարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Վ.Գ.-ի հանցավոր գործունեությանն օժանդակելու համար ևս երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը):
Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: