19 Հունիսի, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համատեքստում Ռուսաստանի հետ կապեր հաստատելու փորձերի համար։ Ըստ նրա՝ Կոշտան լիազորություններ չունի ներկայացնելու ԵՄ առանձին երկրները, հատկապես անվտանգության երաշխիքների հարցերում։

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում Մակրոնն ընդգծել է, որ բանակցությունների մեկնարկի դեպքում եվրոպացիները պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ, մինչդեռ Եվրահորհրդի նախագահն այնտեղ կլինի միայն իր սահմանափակ լիազորությունների շրջանակում։

«Նա չի կարող ներկայացնել նրանց, երբ խոսքը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, որոնք կդառնան ցանկացած բանակցությունների առանցքային տարրը», — հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ Եվրոպական միությունը ամբողջությամբ վերցրած չի կարող հանդես գալ որպես չեզոք միջնորդ, քանի որ արդեն իսկ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային և պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Նա նշել է նաև, որ եվրոպական երկրները պետք է մասնակցեն ԱՄՆ-ի նախաձեռնած ցանկացած բանակցությունների, հատկապես այն պայմաններում, ինչպես ինքն է արտահայտվել, երբ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը փոխվում է դեպի Ուկրաինային ավելի ակտիվ աջակցություն և Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրում։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել էր Կոշտայի գրասենյակի ներկայացուցիչների և ռուսական կողմի միջև ենթադրաբար անցկացված հեռախոսային կապերի մասին, ինչը դժգոհություն էր առաջացրել ԵՄ մի շարք երկրներում։ Ավելի ուշ Կոշտայի գրասենյակը հաստատել էր նման շփումների առկայությունը՝ հստակեցնելով, որ դրանք կրել են տեխնիկական բնույթ և բանակցություններ չեն համարվում։

Politico-ի տվյալներով՝ Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ երկրների մեծամասնությունը պաշտպանել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման շրջանակում Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության գաղափարը։

Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ պատժամիջոցային քաղաքականությունը համարում է հակասող բանակցությունների հայտարարված նպատակներին, ինչպես նաև ընդգծել էր վստահության վերականգնման անհրաժեշտությունը կոնկրետ քայլերի, այլ ոչ թե վերջնագրային պահանջների միջոցով։

Լրահոս