Շուրջ մեկ տարվա պաշտոնավարումից հետո երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անակնկալ հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։ 2025 թվականի մայիսի 21-ին այս պաշտոնը չեմ ստանձնել անձնական շահից, քաղաքական հավակնությունից կամ պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով։ Պաշտոնը ստանձնելու իմ նպատակը պետական ինստիտուտների պահպանման հարցը բարձիթողի վիճակում չթողնելն էր, հատկապես այն ժամանակ, երբ Արցախի պետական կառույցների շարունակականությունը, մեր ժողովրդի քաղաքական ձայնն ու իրավունքների պաշտպանությունը կանգնած էին լրջագույն վտանգի առաջ»,- իր ծավալուն հայտարարության մեջ նշել է նա պաշտոնանկության պատճառների մասին` առանց փակագծեր բացելու:
«Սակայն վերջին ժամանակահատվածում իմ անձի շուրջ ձեւավորված կեղծ եւ արհեստական խոսակցությունները, շրջանառվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները եւս ազդել են այս որոշման կայացման վրա։ Չեմ ցանկանում, որ իմ անձի դեմ ուղղված նպատակային արշավը որեւէ կերպ ստվեր նետի Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների եւ Ազգային ժողովի հեղինակության վրա։ Երբ անհրաժեշտ միասնականությունն ու ընդհանուր պատասխանատվությունը բացակայում են, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Ուստի այս որոշումը նաեւ պետական կառույցն անձնական շահարկումներից եւ արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ է։ Հետեւաբար, ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,- հայտարարել է Աշոտ Դանիելյանը։
Հիշեցնենք․ նա ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել է անցած տարվա մայիսի 21-ին, Արցախի խորհրդարանականների կողմից՝ Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի փոխարեն։ Դանիելյանն Արցախի ԱԺ պատգամավոր էր ընտրվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք- ՔԴՄ» դաշինքի ցուցակով, սակայն հայտնի իրադարձությունների ժամանակ չի ողջունել նրա՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայնությունը: Արդեն Երեւանում Դանիելյանը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով՝ ծանր քննադատության ենթարկելով ՔՊ-ական իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում: Ուստի նա թե՛ անձնական դրդապատճառներով էր դարձել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության աչքի փուշը, թե՛ ի պաշտոնե։
Մեզ պատմեցին, որ վերջին շրջանում Դանիելյանի նկատմամբ պրոցեսներ են գեներացվել` ե՛ւ արցախցիների, ե՛ւ հայաստանյան ինչ-ինչ շրջանակների կողմից, որից էլ օգտվել են իշխանությունները ու մեծացրել ճնշումը նրա նկատմամբ։ Պարզվում է՝ Հայաստան բռնի տեղափոխումից հետո Արցախի վերնախավը դատական կարգով ակտիվացրել է «Արցախ ֆրութ» ընկերության հաշիվները՝ հիմքում դնելով այն փաստարկը, որ ընկերությունը մեծ պարտքեր ունի արցախցիներին, եւ այդ գումարները հարկավոր են ժողովրդի պարտքերը մարելու համար, բայց ընդհանուր 36 միլիոն դրամից 16 միլիոնն է պարտք եղել, մնացածը հաշվառել են պետական բյուջե, որ օգտագործեն Արցախի ներկայացուցչության ծախսերի համար։ Սակայն ներկայացուցչությունը, խորհրդարանի պատգամավորները վերջերս դժգոհություն են հայտնել այդ գումարների տնօրինման հետ կապված, թե ինչու կոլեկտիվ չեն որոշվում այդ հարցերը, այլ Դանիելյանը միանձնյա է տնօրինում, սակայն հրաժարականի հարց, ինչպես մեր աղբյուրը պնդեց, երբեք չեն բարձրացրել: Ավելին, երբ Դանիելյանն ասել է՝ եթե կասկածում են իրեն, հրաժարական կտա, թող ուրիշը գա, դեմ են արտահայտվել՝ հասկանալով, որ ներկա իրավիճակում դա ՀՀ իշխանությունների ծրագրերի ջրաղացին ջուր կլցնի, այլեւս թույլ չեն տա Արցախի ԱԺ նախագահ ընտրել եւ կվերացնեն այս կարեւոր պետական ինստիտուտը։
Բայց այդ խառն իրավիճակից օգտվել են Արցախի ՀԿ սեկտորի որոշ ներկայացուցիչներ, հիմնականում` նրանք, որոնց մասին ասում են, թե կառավարվում են ՀՀ իշխանությունների հետ փոխկապակցված անձանց կողմից: Եվ նրանք են սկսել գրոհ ձեռնարկել, ֆեյսբուքյան լայվեր անել, այցելել Արցախի ներկայացուցչություն եւ Դանիելյանի կյանքը թունավորել։ Նրանք այն խմբի ներկայացուցիչներն են, ովքեր ամիսներ առաջ Արցախի ներկայացուցչության շենքի առջեւ բողոքի ցույցեր էին անում՝ իբր ներդրումային հիմնադրամի գումարները վատնելու, յուրացնելու մեղադրանքով, եւ իշխանական վերնախավին հորդորում էին պատասխանատվության հարց բարձրացնել, իսկ եթե չեն կարող` հրաժարական տալ։ Այս շարքում էին Տիգրան Պետրոսյանը, Նահապետ Սարգսյանը, Արտուր Օսիպյանը եւ ուրիշներ։ Սակայն արցախյան շրջանակներն ասում են, որ բողոքի մասնակիցներն իրենք էլ են միլիոններ ստացել ներդրումային հիմնադրամից, այնպես որ՝ «թալանչի» տերմինը կիրառելի է նաեւ իրենց նկատմամբ։ Օրինակ, ոմն Նահապետ Սարգսյան 60 մլն դրամ է ստացել հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար։ Մեզ ասացին, որ Աշոտ Դանիելյանի դեմ վերջին օրերին ամենաակտիվը հենց նա է պայքարել, իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Դանիելյանը, հասկանալով, որ իր դեմ արշավի հետեւում Արցախի պետական ինստիտուտները ոչնչացնելու մարմաջով ապրող Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են, որոշել է հրաժարական ներկայացնել, ընդ որում՝ իր քայլի մասին նախապես չի տեղեկացրել Արցախի ԱԺ պատգամավորներին։ Մենք մի քանի օր է՝ փորձում ենք զրուցել Դանիելյանի կամ այս պատմության որեւէ այլ դերակատարի հետ, սակայն չի հաջողվում։ Իսկ թե ինչպես է հանգուցալուծվելու ԱԺ նախագահի պաշտոնի հարցը, մեր աղբյուրները դժվարանում են պատասխանել, նոր նախագահ ընտրելու համար 17 պատգամավորի կողմ քվե է պետք, ներկա իրավիճակում այդ թիվն ապահովել հնարավոր չէ, եւ շատերը վախենում են` պատրաստ չեն Փաշինյանի պատժիչ մեքենայի թիրախում հայտնվել, ոմանք էլ ապրուստի խնդիր ունեն եւ Հայաստանից բացակայում են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։