4 Հուլիսի, 2026

2026 թվականի հուլիսի 4-ին հրապարակվեց ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանը։

Հայտարարության մեջ ասված է.

«Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 5-րդ կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62, 63 և 77-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց .

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում»:

Լրահոս