«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ, որի 2-րդ հավելվածով հաստատված կարգի դրույթների համաձայն, 2018 թվականից սկսած իրականացվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացը։ Ըստ նախագծի հիմնավորման, վերջին տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման ու հստակեցման, մասնավորապես՝ շատ հաճախ համայնքներից ներկայացվում են մեծ թվով ու ծավալով սուբվենցիոն փաթեթներ, որոնք ուսումնասիրվում, քննարկվում են ոլորտային գերատեսչություններում, հանձնաժողովի նիստերում, սակայն իրականում համայնքներն ի վիճակի չեն լինում այդ ծրագրերն իրականացնել՝ ֆինանսական միջոցների ոչ ճիշտ պլանավորման և համակարգման կարողությունների բացակայության առումներով։ Վերջին տարիների ընթացքում բացահայտվել են դեպքեր, որ սուբվենցիոն ծրագրով կառուցվել կամ հիմնանորոգվել են օբյեկտներ, սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարության ավարտի փաստագրումը բավականին երկար ժամկետներով երակարաձգվել է և դրանք չեն շահագործվել երկար ժամանակ։ Սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում առկա են դեպքեր, որ համայնքները, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերը ամբողջությամբ չեն կատարում կարգի 4-րդ հավելվածով սահմանված մշտադիտարկման դրույթները, ինչը բացասական ազդեցություն է ունենում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների որակի և պայմանագրերով սահմանված ժամկետների վրա։ Նախորդ տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում առկա են բավականին մեծ թվով դեպքեր, երբ շինարարական կազմակերպությունը ներկայացնում է կատարողական ակտերը, սակայն դրանց հետագա գործողությունները՝ պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով ինչ-ինչ պատճառներով ձգձգում են համայնքների կամ մարզպետարանների աշխատակազմերը, ինչը բերում է շինարարական աշխատանքների ընթացքի դանդաղեցմանն ու շինարարական կազմակերպությունների ֆինանսական ոչ կայունությանը։ Դրա հետ մեկտեղ առկա են դեպքեր, երբ համայնքային բյուջեից և պետական բյուջեից համաֆինանսավորումն ամբողջությամբ հատկացվում է, բայց շինարարության ավարտի փաստագրումը, հետևաբար և օբյեկտի շահագործումը ձգձգվում է բավականին երկար ժամանակ։ Միաժամանակ, կարևորելով հանրապետությունում սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի ապահովումը, ինչպես նաև արվեստի, գեղարվեստի ու երաժշտական ուղղությունների զարգացումը՝ անհրաժեշտություն է առաջանում առանձնացնել մարզադպրոցների, մարզական կենտրոնների, երաժշտական դպրոցների, արվեստի, գեղարվեստի, մանկական ստեղծագործության կենտրոնների կառուցման ուղղությունը՝ որպես առանձին ուղղություն, ինչպես նաև առանձնացնել բնակելի շենքերի բակային տարածքների ուղղությունը, քանի որ այն շատ ժամանակ ընթանում է ճանապարհների հիմնանորոգման հետ։ Կարևորելով հանրապետությունում թափոնների կառավարման բարելավման ուղղությունը, այդ թվում՝ գործող աղբավայրերից շրջակա միջավայրին ու մարդկանց առողջության վրա բացասական ազդեցությունների նվազեցումը, առաջարկվում է կարգում ներառել նաև այդ ուղղությամբ չափաբաժիններ։
Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ծրագրերի իրագործելիության և արդյունավետության բարձրացման նպատակով սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է բացասական եզրակացություն տալ այն համայնքների սուբվենցիոն փաթեթներին, եթե համայնքում առկա են նախորդող երկու տարվա ընթացքում ոչ բավարար ֆինանսական միջոցների կամ այլ չհիմնավորված պատճառներով հաստատված, սակայն չիրականացված սուբվենցիոն ծրագրեր։ Երկրորդ՝ համայնքում առկա են սուբվենցիոն ծրագրով նախորդող տարիներին նախատեսված և իրականացված աշխատանքների ավարտից հետո մեկ տարվա ընթացքում ավարտված օբյեկտը շահագործման չհանձնված դեպքեր։ Առաջարկվում է սահմանել հստակ ժամկետներ աշխատանքի ընդունման, թերությունները շտկելու համար, ինչպես նաև տարբեր օբյեկտների կառուցման համար համաֆինանսավորման չափաբաժինները։ Առաջարկվում է սահմանել, որ յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարի առնվազն 5 տոկոսը չի հատկացվում՝ մինչև օբյեկտի ավարտական ակտի հաստատումը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում