Կողմերը կարևորել են նաև կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական և մշակութային փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ժողովուրդների միջև կապերի ամրապնդման նշանակությունը։
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխայցելությունների ակտիվացման կարևորությանը՝ որպես քաղաքական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման արդյունավետ միջոց։
Հանդիպման ընթացքում արժևորվել է նաև «Wizz Air» ավիաընկերության գործունեությունը Հայաստանում, որը նշանակալի դեր է ունեցել Հայաստանի և եվրոպական մի շարք ուղղությունների միջև օդային հաղորդակցության ընդլայնման, զբոսաշրջային հոսքերի աշխուժացման, ինչպես նաև մարդկանց միջև շփումների և գործարար կապերի զարգացման գործում։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին՝ ընդգծելով, որ այդ քայլերը կարող են նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, փոխկապակցվածության ամրապնդմանը և երկարաժամկետ կայունության ապահովմանը։
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին՝ կարևորելով հատկապես Եվրոպական միության շրջանակներում փոխգործակցության ակտիվացումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, արդյունավետ կառավարման և լավագույն փորձի փոխանակման շարունակականությունը։