Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը Ադրբեջանից ստանում է և՛ դիզելային վառելիք, և՛ բենզին։ Սա նշանակալի ներդրում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։ Այս մասին գրում է FIP-ը:
Երախտագիտություն հայտնելով Գերմանիային՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար՝ Ալիևը նշել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորվում են, իսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումը վերջ են դրել ավելի քան 30-ամյա հակամարտությանը։
«Փաստերի ստուգման հարթակն» Ալիևի հայտարարության հետքերով ուսումնասիրել է Ադրբեջանից Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի ծավալները։
Ըստ այդմ, հասանելի պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը բենզինի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է շուրջ 5%, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ շուրջ 16%։
Ադրբեջանից Հայաստան բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները սկսվել են 2025 թվականի տարեվերջին։ Ուստի ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել 2025 թվականի տարեկան և 2026 թվականի հասանելի ամենաթարմ՝ առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրական տվյալները։
Որքա՞ն է կազմել ադրբեջանական բենզինի մասնաբաժինը 2025-ին
Հայաստանի պետական եկամուտների պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին հանրապետություն է ներմուծվել շուրջ 220 հազար տոննա ավտոմոբիլային բենզին՝ 207 մլն 838 հզր ԱՄՆ դոլար արժողությամբ։
Ադրբեջանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 1215 տոննա՝ արժեքը՝ 873.4 հզր ԱՄՆ դոլար:
Նախորդ տարի Հայաստանի համար բենզինի հիմնական մատակարարները եղել են Ռումինիան, Եգիպտոսը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնք միասին ապահովել են ներկրվող բենզինի շուրջ 82%-ը:
Մատակարարման պատկերն ըստ երկրների․
- Ռումինիա — 62.8 հազար տոննա (28.5%)
- Եգիպտոս — 60.4 հազար տոննա (27.4%)
- Ռուսաստանի Դաշնություն — 56.7 հազար տոննա (25.8%):
Փոքր չափաբաժիններ ունեն նաև Բուլղարիան (7.7%), Կիպրոսը (5.4%), Հունաստանը ( 4.3%), Իրանը (0.4%)։
Ադրբեջանը ներմուծման ծավալով մատակարար 8 երկրների շարքում նախավերջին՝ 7-րդ տեղում է․ այն կազմել է ընդհանուր բենզինի մոտ 0.6%-ը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: