24 Հուլիսի, 2026

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումում հունգարական «Դեբրեցենը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց երևանյան «Փյունիկին»։ Խաղի միակ ու վճռորոշ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց Ֆլորիան Ցիբլան՝ հունգարական թիմին ապահովելով կարևոր առավելություն Հայաստան մեկնելուց առաջ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Հանդիպումից հետո «Դեբրեցենի» մարզիչ Գերտ Ռեմելը, ով հաղթանակով նշեց իր նորամուտը թիմի ղեկին, պատասխանել է լրագրողների հարցերին՝ կիսվելով տպավորություններով և խոսելով Երևանում սպասվելիք պատասխան խաղի մասին:

– Ձեր նորամուտը «Դեբրեցենի» պահեստայինների նստարանին նշանավորվեց հաղթանակով: Գո՞հ եք արդյունքից և խաղից:

– Մեր խաղում ինձ շատ դրվագներ դուր եկան. դրանցից էր, օրինակ, թիմի արագ արձագանքը գնդակը կորցնելուց հետո: Իհարկե, մեր ելույթը հեռու էր կատարյալ լինելուց։ Հստակ է, որ մրցակցի տուգանային հրապարակում մենք պետք է շատ ավելի արդյունավետ գործենք:

– Ի՞նչ կարծիքի եք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների խաղի մասին:

– Նրանք չվախեցան ընձեռված հնարավորությունից և հստակ գիտեին իրենց անելիքը խաղադաշտում, նույնիսկ այն դեպքում, երբ ոմանք չէին խաղում իրենց հարազատ դիրքերում: Տղաների մոտ նկատվում էր պայքարելու մեծ ոգի, ինչը շատ կարևոր է նման հանդիպումներում:

– Ինչպիսի՞ սցենար եք ակնկալում պատասխան խաղում:

– Երևանում խաղալը հեշտ չէ։ Ես այնտեղ եղել եմ դեռ երկու տարի առաջ՝ Ֆինլանդիայի ազգային հավաքականի հետ, և գիտեմ՝ ինչ է սպասվում մեզ: «Փյունիկը» շատ վտանգավոր թիմ է, հատկապես՝ եզրերում, այնպես որ արտագնա խաղում մեզ իսկապես ծանր հանդիպում է սպասվում:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին։

Լրահոս