Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22 տարին: 1999 թվականի հենց այդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն ըստ էության գլխատելով պետությունը:
Ահաբեկչությանը զոհ դարձան 8 պետական գործիչներ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։