20 Հուլիսի, 2023

Անդրադառնալով Հայաստանում արտադրվող «Սեպուհ-1» ավտոմեքենաներին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկու տարի է, ինչ աշխատում են ընկերության հետ:

«Ի սկզբանե ԵԱՏՄ կարգավորումներն այնպիսին են, որ փոքր ավտոմեքենաշինությունը բավական բարդ գործընթաց է, և մենք ստիպված եղանք ընկերության կողքին լինել բավական երկար ժամանակ, մինչև ստացվեց Հայաստանում արտադրված մեքենաների նորմալ պետական գրանցումն ապահովել: Արդեն ութ մեքենա հավաքվել է: Սա փորձնական պարտիա է: Ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար է:

Գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում: Նպատակ կա տարեկան մի քանի 100 մեքենա արտադրել ներքին և արտաքին սպառման համար: Այժմ հավաքված ութ մեքենան ունեն պետհամարանիշ և կարող են վաճառվել. որևէ խնդիր չկա»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նախարարն հայտնեց, որ Հայաստանում մեքենաների միջին տարիքը բավական հին է: Ոչ ամենավերջին տվյալներով՝ միջին տարիքը 20 տարուց ավելի է:

«Կառավարությունը շատ շահագրգռված է, որ ավտոպարկը թարմացվի»,- եզրափակեց նա:

 

kotayk

Լրահոս