3 Դեկտեմբերի, 2024

«Հրապարակ»-ը գրում է․ 

Արդյոք ազնիվ ու բարոյակա՞ն է, որ Հովիկ Աղազարյանն ու Գեղամ Նազարյանը վայր չեն դնում պատգամավորական  մանդատները, երբ շեղվել են կուսակցական գծից: Ավելի ճիշտ՝ Նազարյանը շեղվել է, Աղազարյանն էլ, ինչպես ՔՊ-ականներն են ասում, խախտել է խաղի սահմանված կանոնները եւ համարձակ ելույթ է ունեցել Փաշինյանի սիրելի կադրի` Արգիշտի Քյարամյանի հասցեին։

Վերջին օրերին հասարակական-քաղաքական ակտիվ հանրույթը հակասական տեսակետներ է հայտնում այս առիթով՝ համարելով, որ, դիցուք, Գեղամ Նազարյանը, որ «Հայաստան» խմբակցության առաջարկությանը համաձայնելով «հեռացավ» ֆրակցիայից` դառնալով անկախ պատգամավոր, իրականում պետք է մանդատից հրաժարվեր, քանի որ առնվազն ազնիվ չէ ընտրողի հանդեպ` իրեն ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, մինչդեռ պատգամավորը հրապարակավ հայտնում է, թե նման օրակարգ չունի, անգամ ասում է, թե խորհրդարան մտնելիս խմբակցությունն էլ չի ունեցել նման օրակարգ։

Այս օրերին ոմանք հետահայաց հիշում են, թե անցյալում ինչպես են հանգուցալուծվել այս իրավիճակները: Օրինակ, 1995 թվականին ԱԺ կանոնակարգ-օրենքով հստակ կանոնակարգված էին այն դեպքերը, թե ինչ է լինում այն պատգամավորի հետ, որը համամասնական ցուցակով ընտրվելուց հետո որոշ ժամանակ անց որոշում է դուրս գալ ԱԺ համանուն խմբակցությունից: Ըստ այդ դրույթի, «առնետավազքի» սիրահարները պարզապես պետք է վայր դնեին իրենց մանդատները, քանի որ ԱԺ են մտել համապատասխան թիմի ցուցակով, այդ թիմի գաղափարախոսության շրջանակներում։ Ոմանց կարծիքով՝ այդ դրույթը բխում էր ընտրողի շահերից, դա նրա նկատմամբ պատասխանատու քաղաքական վերաբերմունք էր, որովհետեւ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը, ըստ էության, պետք է համապատասխանի ընտրությունների ժամանակ ստացած քվեներին։ Եվ եթե որեւէ մեկն ընտրվում է որեւէ կուսակցության ցուցակով, ապա ընտրողը ձայն է տալիս այդ ցուցակին, այլ ոչ թե անձամբ անձին: Եվ նման պահանջն ԱԺ-ն դարձնում էր պատասխանատու ու կանխատեսելի: Սակայն իշխանությունը 1997թ. կանոնակարգից այդ դրույթը հանեց, որպեսզի, Հմայակ Հովհաննիսյանի բնորոշմամբ, «անասնագողությունը» դառնա հնարավոր` ընդդիմությունից երբ ուզենան, պատգամավոր պոկեն եւ միացնեն իրենց թիմին: 97-ին էլ կանոնակարգի փոփոխությունը նպաստեց, որ «Հանրապետություն» բլոկից պատգամավորներ «արտագաղթեն»՝ Էդվարդ Եգորյանի գլխավորությամբ, որն այդ ժամանակ ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը եւ կանոնակարգ-օրենքում հիշյալ փոփոխության հեղինակն էր։ Եգորյանն իր ամբողջ խմբով դուրս եկավ այդ միավորումից եւ ստեղծեց «Ժողովրդավարական հայրենիք» պատգամավորական խումբը: Այդ բլոկից ուրիշներն էլ դուրս եկան:

Իսկ 1998թ. փետրվարի 3-ին, կանոնակարգի այդ փոփոխության շնորհիվ, Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, մեկ գիշերվա մեջ երկրապահները ճամբարափոխ եղան, եւ քաղաքական լուրջ տեղաշարժեր իրականացվեցին: Հետագայում որեւէ մեկը չանդրադարձավ այս խնդրին: Այդ նորմի բացակայությունը ստիպեց, որ որոշ ուժեր այլընտրանքային տարբերակներ գտնեն` կանխելու դավաճանությունները: Օրինակ, Գագիկ Ծառուկյանը եւ այլ կուսակցապետեր նախապես ստորագրել էին տալիս ղազագրեր, որ երբ նման իրավիճակ առաջանա, պատգամավորի` մանդատից հրաժարվելու դիմումն իրենք ներկայացնեն ԿԸՀ, խուսափելով հետագա անակնկալներից։

Հաջորդող տասնամյակներին էլ շատերն օգտվեցին այս օրենքի հնարավորությունից, դրա մասին թեւավոր դարձած արտահայտություններ կան։ «Ես չեմ պատրաստվում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին անասնագողության համար դատի տալ, քանի որ անասնագողությունը մեր քաղաքական իրականության մեջ չափազանց տարածված երեւույթ է»,-  2002 թվականի հունիսի 20-ին խորհրդարանում հայտարարեց «Ագրոարդյունաբերական ժողովրդական միություն» պատգամավորական խմբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` պատկերավոր նկարագրելով այն երեւույթը, որ Արթուր Բաղդասարյանն իր խմբի երկու պատգամավորի համոզել է դառնալ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ: Հիշեցնենք, որ այդ խումբը «Կայունությունից» վերանվանվեց «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում», որը ղեկավարում էր ՀԺԿ-ից արդեն հեռացած Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ ՕԵԿ նախագահի կողմից «գողացված» պատգամավորները Սամվել Բալասանյանն ու Վռամ Գյուլզադյանն էին:

Հետո Վարդան Խաչատրյանը դուրս եկավ «Ժառանգությունից»՝ պահպանելով մանդատը, Խաչատուր Քոքոբելյանը բաժանվեց Րաֆֆի Հովհաննիսյանից՝ դառնալով անկախ պատգամավոր,  Արման Բաբաջանյանը՝ Էդմոն Մարուքյանից, իսկ 2020 թվականի պատերազմից հետո մի խումբ իմքայլականներ պահեցին մանդատը՝ դուրս գալով իշխանական խմբակցությունից, վերջին գումարման խորհրդարանում Գեղամ Նազարյանից բացի, մեկ «անկախ» էլ կա՝ Իշխան Զաքարյանը, որը մեկուկես տարի առաջ է լքել «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Մի փոքր այլ է Հովիկ Աղազարյանի դեպքը, նա առաջնորդվել է Սահմանադրության 94-րդ հոդվածով՝ ելույթ է ունեցել խղճով եւ համոզմունքներով, քանի որ մայր օրենքը սահմանում է, որ պատգամավորը հրամայական մանդատով կաշկանդված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի ցանկությունները, որոնք որեւէ կերպ պատճառաբանված եւ հասկանալի չեն, վեր են ցանկացած օրենքից, անգամ՝ մայր օրենքից։

Լրահոս