«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի վերջին շաբաթն արդեն մի քանի տարի է, ինչ սահմանվել է «Քաղաքացու օր»: Սա նորահայտ «տոն» է, զուտ փաշինյանական, որն այդպես էլ չընդունվեց հասարակության կողմից, բացի քպականներից:
Փաշինյանի իշխանությունը խայտառակ վրաերթ է քաղաքացիների խոսքի ու բողոքի հիմնարար ազատությունների նկատմամբ: Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ կիսագրագետ որևէ պարեկ կարող է հարձակվել պաշտոնական շարասյան համար 30 րոպեից ավել բանուկ փողոցի «փակված» վիճակից բողոքող վարորդի վրա, այլ ոստիկանների հետ մարդուն փռել ասֆալտին ու քարշ տալ դեպի ոստիկանական բաժանմունք: Դա բնութագրական օրինակ է: Ինչպես և այն, որ երբ քաղաքացիների որևէ խումբ բողոքի ակցիա է իրականացնում, անմիջապես հայտնվում են ոստիկանական «երփներանգ» բերետակիր ստորաբաժանումներ, հաճախ՝ բողոքողներից մի 10-15 անգամ ավելի շատ, ու, որպես կանոն, հարձակվում են ցուցարարների վրա, քաշքշում, անհամաչափ ուժ և բռնություն գործադրում:
Փաշինյանը Հայաստանը վերածել է քստմնելի ոստիկանապետության, իսկ նրա ոստիկանախմբերի նման ագրեսիվ դրսևորման հիմնական նպատակը ամեն կերպ քաղաքացիներին ճնշելն է, ժողովրդին ահաբեկելը: Մենք դեռ չենք խոսում անզեն, խաղաղ ցույցի մասնակիցների, հատկապես՝ կանանց, տարեց մարդկանց վրա Փաշինյանի ոստիկանության կողմից շուրջ 30 բեկորային նռնակներ նետելու և մոտ 100 խաղաղ ցուցարարի կանխամտածված վնասվածքներ պատճառելու խայտառակության մասին:
Փաշինյանի իշխանավարումը խայտառակ ու աղետային վրաերթ է քաղաքացիների կենսատարածքի, անվտանգ ու ֆիզիկապես ապրելու նրանց հիմնարար իրավունքի նկատմամբ: Ու խոսքը միայն Կիրանցի, Ոսկեպարի, Խոզնավարի, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի և նշված բնակավայրերում ապրող քաղաքացիների մասին չէ: Բոլոր քաղաքացիների կենսատարածքն է կրճատվում, մեծ հաշվով: Մարդիկ ոչ միայն ապրում, այլև մի կետից մյուսն են տեղափոխվում՝ բացարձակ անպաշտպանվածության զգացումով:
Փաշինյանի իշխանավարումը վրաերթ է քաղաքացիների ազգային ինքնության, ազգային ինքնագիտակցության հիմքերի վրա՝ սկսած կրթությունից, վերջացրած ազգային եկեղեցու՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ չգիտեմինչակրաց արշավանքով, որ իրականացնում են ՔՊ-ն, իրենց առաջնորդն ու նրանց հետ փոխկապակցված շրջանակները:
Փաշինյանն իր «տոնական» ուղերձում ասել է, ավելի ճիշտ՝ իրեն բնորոշ ոգով ձեռք է առել ժողովրդին՝ հայտարարելով, թե՝ 7 տարի է, ինչ «բոլոր մակարդակի ընտրովի իշխանությունները ձևավորվել են ժողովրդի ընտրության արդյունքում»: Սա ասում է ղեկավարը մի քաղկազմակերպության (ՔՊ) ու մի կառավարության, որը բոլոր մերժելի եղանակներով, ոստիկանական բռնություններով, այլ «կուլիսային» ճնշումներով, երբեմն էլ ուղղակի ուժային միջամտությամբ, չեղարկել է ժողովրդի կամընտրության արդյունքները՝ ձերբակալել, կալանավորել է Վանաձորի ընտրված քաղաքապետին, զավթել է իշխանությունը Ալավերդիում և այլն, և այլն: Դեռ չենք խոսում Գյումրիում քաղաքային իշխանությունը գրավելու խայտառակության մասին, որից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ՔՊ-ն հանրագումարում ձախողվեց:
Շարքը շարունակելի է: Ու այսքանից հետո ո՞նց կարելի է խոսել Քաղաքացու օրվա մասին: Բայց Փաշինյանը ՀՀ քաղաքացիների համար դեռ մեկ դրական բան կարող է անել: Հեռանալ: Ու երևի թե այդ օրն իսկապես համաժողովրդական տոնախմբություն կլինի: Ոչ օրացուցային, այլ իսկական տոն…