«Հրապարակ»-ը գրում է.
Այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է նշանակված, որի օրակարգում է նաեւ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Նարեկ Զեյնալյանի կարգապահական վարույթների քննությունը։
Բարձրաստիճանների պաշտոնանկություններին զուգահեռ, համառորեն լուրեր են շրջանառվում, թե մանդատները վայր կդնեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։ Երկուսի նկատմամբ էլ ՔՊ վերահսկող հանձնաժողովում կարգապահական վարույթներ կան` հոկտեմբերի 15-ին ԱԺ հայտնի լսումների հետ կապված։ Աղազարյան-Քյարամյան լեզվակռվից հետո, հիշեցնենք, ելույթ ունեցավ նաեւ Զեյնալյանը՝ հորդորեց Քյարամյանին՝ վերանայել պահվածքը` իր աշխատասենյակում չէ, իր աշխատողների հետ չի շփվում, այլ՝ ԱԺ պատգամավորների։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի պատրաստվում մանդատը վայր դնել, կուսակցությունից էլ նման հորդոր չի ստացել․ «Գուցե նկատի ունեն հարուցված կարգապահական վարույթները, որոնք պետք է կուսակցության վարչությունը քննի եւ որոշումներ կայացնի»։