«Փաստ» օրաթերթը գրում է.
Փոքր-ինչ հեռվից գանք, որքան էլ բուն խոսքը մեր այսօրվա տրագիկոմիկական իրավիճակի մասին է: Ասում են, որ տարիներ առաջ տորնադոների, փոթորիկների ու, ընդհանրապես, վատ եղանակային պայմանների համար ԱՄՆ-ում դատարան են դիմել… Աստծու դեմ: Դատարանը հայցադիմումը չի ընդունել, բայց բավականին «շքեղ» պատճառաբանությամբ, այն է՝ «պատասխանողի հասցեն ու գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով»: Իբր, մնացածն «օ-քեյ» է, ու եթե Աստծու կոնկրետ հասցե լիներ ձեռքի տակ, միանգամից դատող էին: Ասում են, ի վերջո, Աստծու նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Դեռ որոնում են… Այս զավեշտական, ամենայն հավանականությամբ՝ անեկդոտային «ասում են…»-ը հիշեցինք մեր օրերում ու մեր երկրում տեղի ունեցող փաստացի և միանգամայն կոնկրետ իրադարձությունների պատճառով:
Թեթևակի հիշեցնենք դեպքերի հերթականությունը:
Ինչպես հայտնի է, սեփական ուխտն ուրացած, Հայ առաքելական եկեղեցուց իրենք իրենց դուրս դրած և գործնականում Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի սպասարկմանն անցած եպիսկոպոսներից Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ (Արման) Սարոյանը Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ դեռ հունվարի 10-ին ազատվել էր թեմակալ առաջնորդի հոգևոր պաշտոնից:
Այս մասին, ի դեպ, հայտարարել է նաև «Ամստերդամ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերությունը՝ նշելով, որ աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։ «Ամստերդամ ընդ Փարթներսը» հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։
Այլ պարագաներում իշխանությունների ու նրանց հրահանգները կատարող դատավորների, իրավապահների պահվածքն ինքնին պետք է որոշակի քրեաիրավական հետևանքներ հարուցեր: Բայց մեր օրերի Հայաստանում օրենք և օրինականություն գոյություն ունի բացառապես ընդդիմադիրների, ոչ իշխանականների, հայ հոգևորականների համար: Իսկ իշխանավորները կարող են ցանկացած այլանդակություն և ապօրինություն անել ու անպատիժ մնալ:
Հպանցիկ նկատենք միայն, որ հիշյալ նախկին հոգևորականը թե՛ ձեռնադրվել է Ամենայն հայոց նույն կաթողիկոսի կողմից, թե՛ Մասյացոտն թեմում ծառայության է նշանակվել էլի նույն Վեհափառի տնօրինությամբ: Էլի՝ հույզերը դնենք մի կողմ. նա, ով նրան նշանակել է, նույն հոգևոր ինստիտուտն էլ նրան ազատել է այդ պաշտոնից: Ու դա իր բացառիկ և սուվերեն իրավունքն է:
Բայց շարունակությունն ավելի հոգեցունց է: Գևորգ (Արման) Սարոյանը շարունակել է ընդդիմանալ Կաթողիկոսի տնօրինությանը, բացահայտ հերձվածության է անցել (եկեղեցական, կրոնական տեսանկյունից), միացել է Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ նշանակված հոգևորականի օրինական գործունեությունն ապօրինաբար խոչընդոտողներին: Ավելին, ամենայն հավանականությամբ՝ իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորով Գևորգ (Արման) Սարոյանը… դատի է տվել Վեհափառին՝ վիճարկելով նրա տնօրինությունը՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Դա ինքնին ոչ միայն իրավական աբսուրդ է, այլև աբսուրդից այն կողմ է: Հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրները, հոգևոր ծառայության հարցերը դատական վիճարկման առարկա չեն: Ու, ինչպես նշեցինք, նույնն են ասում բանիմաց իրավաբանները, իրավագետները: Բայց կատարվում է մյուս հակաօրինական, հակաիրավական, ողջամտությունն ու բանականությունը արմատապես ժխտող իրադարձությունը՝ դատարանը վարույթ է ընդունում քպական նախկին եպիսկոպոսի հայցը: Ի դեպ, ժողովրդական հումորն անկասելի է. փաշինյանական դարձած եպիսկոպոսներին ժողովուրդը ոչ միայն կնքել է «տիրադավ» բնորոշմամբ, այլև ավելի սրամիտ սահմանում է տվել՝ «ՔՊիսկոպոս»:
Այդ ամենի հանրագումարում արդեն հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Գևորգ Սարոյանը կարգալույծ է հռչակվում, այն է՝ դադարում է հոգևորական, առնվազն՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորական լինել: Նրան վերադարձվում է ավազանի անունը՝ Արման Սարոյան:
Սակայն նախօրեին փաշինյանական իշխանությունը կատարում է ևս մեկ պատերազմական գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Դատական ակտերի կատարման ծառայությունը, չունենալով դրա ո՛չ իրավական, ո՛չ դատական, ո՛չ բարոյական իրավունքն ու իրավասությունը, փորձում է Կաթողիկոսին պարտադրել, որ, «որպես հայցի ապահովման միջոց», Հայ առաքելական եկեղեցուն դավաճանած, ավելին՝ կարգալույծ արված քաղաքացիական անձին թեմակալ առաջնորդի պաշտոնին վերադարձնել:
Այսինքն, այն նույն ժամանակ, երբ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացահայտորեն ու առանաց աչք թարթելու ստում է եվրոպաներում, թե՝ հոգևորականների դեմ ճնշումներ չկան, ԴԱՀԿ-ը նենգաբար հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա: Դե, գումարած՝ Քննչականը:
Սա, բնականաբար, դուրս է թե՛ մարդկային, թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ ազգային բոլոր նորմերի սահմաններից: Սա աղաղակող անիրավություն է, ինքնիրավչություն, ու բացահայտ բարոյազրկության դրսևորում:
Շարունակությունը երևի այն կլինի, որ թվաբանությունից թույլ մարդիկ դատարան դիմեն, որպեսզի 5 անգամ 5-ը լինի 10, այլ ոչ թե 25, իսկ որպես «հայցի ապահովման միջոց» արգելվեն բոլոր դասագրքերը, հաշվիչները, որոնք 5×5-ը հաշվում են 25:
Սարկազմը՝ սարկազմ, բայց պարզից էլ պարզ է, որ այս ամբողջ սկոմորոխային «ներկայացումը» (ԴԱՀԿ-ով, ՔԿ-ով, դատախազությունով, բանով) Փաշինյանի իշխանությունը ձեռնարկել է այն նպատակով, որ Գերագույն հոգևոր խորհրդի ու Կաթողիկոսի դեմ ինչ-որ «քրեական գործ» լինի, թեկուզ՝ ամենատխմար, ամենից ապուշ հիմնավորմամբ, ինքնին՝ հարուցողների համար ոչ միայն դժոխքի ուղեգիր, այլև հետագայում «բանտի ուղեգիր» ապահովող, բայց լինի: Իսկ արդեն այդ «գործը» օգտագործվի՝ Ավստրիայում փետրվարին նշանակված Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը տապալելու, Վեհափառին կալանավորելու, հնարավոր է նաև՝ կալանավայրում խոշտանգելու նպատակով: Փաշինյանական իշխանություններից սպասելի է ցանկացած բան: Սակայն այս ամենի մեջ կա մի կարևոր… «բայց»:
Դա այն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա՝ եկեղեցատյաց, արարատուրաց, Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնել ցանկացող խումբը այդքան չկան, որ որոշեն, թե ով է Կաթողիկոս, կամ Կաթողիկոսի տնօրինություններն ընդունում են, չեն ընդունում: Ո՞վ են իրենք մեր բազմադարյա Եկեղեցու և այն առաջնորդող Վեհափառի դեմ: Չարենցը կասեր՝ չնչին, որպես Արարատին նետված մի քար…
Ի դեպ, որպես հավելում, երևի ավելորդ չէ նաև Փաշինյանի քմահաճույքները կատարող մասնակի դատավորներին, քննիչներին, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներին հիշեցնել, որ ամեն ինչի սահման պետք է լինի, նույնիսկ ծառայամտությանը. կան արժեքներ, կան կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի հատել: Ի վերջո, որևէ իշխանություն աշխարհում հավերժ չէ, Հայաստանում՝ առավել ևս: Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում