Քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել նախ զրկել անձեռնմխելիությունից, ապա նաեւ կալանավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Հավելենք, որ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատախազի «միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում», այսինքն՝ արտահերթ նիստով հնարավոր չէ պատգամավորի կալանքի հարցով խորհրդարան մտնել: Քանի որ հերթական նստաշրջանը դեկտեմբերի 6-ից է սկսվում 4 օրով, հետեւաբար նախատեսվում է, որ մյուս ամիս կմտնի դատախազը ԱԺ: Այս տարի այլեւս հերթական նիստեր նախատեսված չեն, մյուս նիստերը կլինեն արդեն փետրվար ամսից: Իշխանության գծագրած սցենարով՝ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի կալանքի հարցը կձգվի մյուս տարի. եթե այդ ընթացքում նրանք պատգամավորական մանդատից հրաժարվեն, հարցը թերեւս այլ կերպ կփակվի: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե Սեյրան Օհանյանը որ գործով է որպես մեղադրյալ ներգրավված:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Սեյրան Օհանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու մեջ»: Օհանյանը տարբեր առիթներով ասել է, որ այս գործը շինծու է եւ հիմնազուրկ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: