Եթե սրան հավելենք այն, որ սա վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան հետախուզության արդեն երկրորդ պաշտոնական հաղորդագրությունն է, որն առնչվում է հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի փաստացի հակառակորդների շահերը սպասարկելուն ուղղված հայաստանյան օրվա իշխանությունների ջանքերին, ապա հասկանալի է դառնում, որ ռուսաստանյան իշխանական և հատկապես ուժային վերնախավը լրջորեն ինֆորմացիոն և քարոզչական հող է նախապատրաստում ինչոր կոնկրետ գործողությունների համար: Ըստ էության, «ռազմավարական դաշնակցի» (չակերտներում, քանի որ նախ՝ վաղուց այդ տերմինն այլևս չի օգտագործվում, և հետո՝ ռազմավարական դաշնակիցների պարագայում նման հայտարարությունների կարիք չի լինում) հատուկ ծառայությունը ուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանում իշխանությունների արտաքին քաղաքական պրոարևմտյան, իսկ իրականում պրոթուրքական և պրոադրբեջանական շրջադարձը անկասելի դարձնելու նպատակով համապատասխան երկրների արտաքին գերատեսչություններն ու հատուկ ծառայությունները իշխանական համակարգի առանցքային դիրքերում ներդնում են իրենց ազդեցության, իսկ երբեմն նաև, հավանաբար, ուղղակի իրենց գործակալներին:
Դժվար չէ ենթադրել, որ ռուսաստանյան հետախուզության այս գնահատականի համար հիմք են հանդիսացել վերջին օրերի սոցցանցային և SMS-ային ազատումներն ու նշանակումները ուժային կառույցներում:
Սա հետաքրքրական է նրանով, որ եթե նախկինում ռուսաստանյան հատուկ ծառայությունները որպես արևմտյան գործակալ էին բնութագրում հիմնականում հայաստանյան, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և նրանց «հասարակական» կառույցները, ապա վերոհիշյալ երկու հաղորդագրություններում ՌԴ-ն ուղղակի մատնանշում է նաև պետական կառույցներում և քաղաքական դաշտում ներդրված և արտաքին աջակցության շնորհիվ առաջխաղացում արձանագրած բարձր պաշտոնյաներին և կուսակցական ֆունկցիոներներին: Ըստ էության, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը ակնարկում է, որ իրենց տրամադրության տակ մանրամասն տվյալներ կան թիրախավորված անձերի, նրանց կասկածելի կապերի, վարքագծի, գուցե նաև հավաքագրման պատմությունների և հասարակական, քաղաքական ու անձնական կյանքին վերաբերող մանրամասնությունների մասին:
Փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների այս աննախադեպ և իր մեթոդներով հատուկ ծառայություններին ոչ այդքան բնորոշ թափանցիկությունը կարելի է դիտարկել որպես նախավերջին նախազգուշացում: Վերջին նախազգուշացումը, ինչպես ցույց է տալիս նման իրավիճակներում գործողությունների ընթացքը, սովորաբար շատ ավելի կոշտ է լինում: Վերլուծաբանների գնահատականներով, այս հաղորդագրությունները կարող են նաև ազդանշան հանդիսանալ, որ Հարավային Կովկասում Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների առնվազն տոլերանտ հարաբերությունների ֆորմատ ստանալուց հետո Ռուսաստանը վերջնականապես վտանգ է տեսնում Հայաստանի անշեղորեն «ուկրաինիզացիայի» գործընթացում: Ըստ այդմ, կայուն և լոյալ Հարավային Կովկաս ունենալու համար Ռուսաստանն սկսել է անհրաժեշտ գործողությունների և գործընթացների իրագործման հետևողական շարք:
Այս առումով հետաքրքրական է նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության լրատվական բյուրոյի մեկնաբանությունը, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածներ և մտահոգություններ ունի, որ հայաստանյան գործող իշխանությունը կայուն է իր արևմտամետ շրջադարձի մեջ»: Միևնույն ժամանակ, կարելի է ասել, «ձեռքի հետ» ակնարկվում է, «որ Վաշինգտոնում կա մտավախություն, որ հաշվել սիրող և իմացող հայերը շուտով կընկալեն վնասների այն չափերը, որին կարող է հանգեցնել ավանդական տնտեսական կապերի խզումը»: Եվ վերջապես, չի անտեսվում նաև ԱՄՆ նոր վարչակազմի և փաշինյանական վարչախմբի աշխարհայացքային տարբեր դավանանքները՝ ակնարկելով ՀՀ այսօրվա իշխանությունների և նրանց կառավարողների գլոբալիստական ճամբարին հարելու փաստը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։