«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները բացահայտել են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել հրաժարվել իր երբեմնի ամենավստահելի թիմակիցներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծառայություններից։ Իհարկե, շաբաթ օրը «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի նույն պաշտոնում։ Այժմ հայտնի են դարձել նաև այդ որոշման քաղաքական պատճառները։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանից հետո, դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի մոտ հատկապես դժգոհություն է առաջացրել այն, որ իրեն ներկայացվել են իրականությունից կտրված գնահատականներ, որոնց հիման վրա ձևավորվել են քաղաքական սպասումները։ Ըստ այդմ՝ Փաշինյանը համարում է, որ շտաբային աշխատանքի և տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ լուրջ թերացումներ են եղել, և այդ պատասխանատվությունը կրում է գլխավորապես Արայիկ Հարությունյանը։
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, Արայիկ Հարությունյանի ամենահավանական փոխարինողը վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն է։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց հետո Մակունցը վերադարձավ Երևան և նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական»։