«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու:
Նա թեև ակնհայտորեն նեղացած է թիմակիցներից, ամեն դեպքում այսպիսի միտք էլ հայտնեց, որ «Եթե վարչապետն ասի մի տարի ոչինչ մի արա, ես այդպես էլ կանեմ ամենայն հավանականությամբ: Խաղի կանոնները այդպիսին են»- խոստովանեց ԱԺ դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի թիմակիցները մինչև երեկ շտապում էին մեդիահարթակներով շրջանառել իրենց համար ցանկալի վարկածներ՝ թե ԱԺ նախագահը նշանակվելու է ՀՀ նախագահ, հետո՝ գրվեց, որ ոչ, դառնալու է Երևանի քաղաքապետ, այնուհետև՝ թե կարող է որևէ նախարարական պաշտոն ստանձնել։ Սակայն իրականում նա ոչ մի տեղ էլ չի գնում․ հոգնած է: Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակավ տվել է այդ հարցի պատասխանը՝ առանց ավելորդ սեթևեթանքի։
Հարցին, թե Ալեն Սիմոնյանը շարունակելո՞ւ է իր աշխատանքը խորհրդարանում որպես պատգամավոր, օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր.
Այսինքն, ըստ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի ապագան ՔՊ-ում, ըստ էության, «քաղաքական կապիտալ» լինելու կարգավիճակն է։
Իսկ ինչո՞ւ ՔՊ-ն այսպես դաժան վարվեց Ալեն Սիմոնյանի հետ
Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պարզաբանում են, որ պատճառը բավականին պարզ է։ Քանի դեռ նա ԱԺ նախագահ էր, ՔՊ-ում գրեթե ոչ ոք չէր համարձակվում բացահայտ դեմ դուրս գալ նրան կամ որևէ դեմոնստրատիվ քայլ անել՝ բացառությամբ Հայկ Սարգսյանի, որին Ալեն Սիմոնյանը հաղթեց և կարողացավ դուրս թողնել գործընթացներից։ Մյուս ՔՊ-ականները, ըստ այդ գնահատականների, պարզապես հարմար պահի էին սպասում Ալեն Սիմոնյանից և նրա փոքրաթիվ թիմից յուրօրինակ «վրեժը լուծելու համար»։
Խոսվում է, որ պատգամավորներից մինչև օգնականներ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով նեղացած են եղել Ալեն Սիմոնյանի թիմակիցներից, և այդ դժգոհությունները ժամանակի ընթացքում կուտակվել են։ Պատգամավորներ կան, որ 5 տավա ընթացքում երբեք որևէ գործուղման չեն գնացել, բայց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանն ամենուր եղել է ԱԺ նախագահի կողքին: ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնց համար Ալեն Սիմոնյանն անհասանելի է եղել, նրա փոքրաթիվ թիմակիցները արգելափակել են շատ ՔՊ-ականների մուտքը ԱԺ նախագահի մոտ և այսպես շարունակ: ՔՊ-ում հերթով հիշում են ամեն ինչ և հորդորում չզարմանալ՝ ինչու այսպես ստացվեց: Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ զեկուցվել է և հետևություններն արվել են: Անշուշտ քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությունը Սիմոնյանի մայրիկի վարքագիծը, եղբոր և նրա կնոջ կոռուպցիոն սկանդալները չէին կարող վրիպել Փաշինյանի աչքից
Արդյունքում այսօր Ալեն Սիմոնյանին հիմնականում կարելի է տեսնել միայն իր ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչների հետ՝ նախկին օգնական, այսօր՝ խորհրդական Աշխեն Հայրապետյանի, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի և նրա զուգընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերակցությամբ։ Երեկ նա արդեն խորհրդարանի սենյակներ էր մտնում, հրաժեշտ տալիս աշխատակազմին»: