17 Հունվարի, 2026

Վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեի շուրջ ծավալվող իրադարձությունները հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում՝ մի շարք փոխկապակցված դրվագներից հետո, որոնք վերաբերում են ինչպես «Զվարթնոցի» մաքսային ծառայությանը, այնպես էլ Մեղրիի մաքսակետին և ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների, նոյեմբերին «Զվարթնոցի» մաքսայինում արձանագրվել է հեռախոսների ներմուծում առանց մաքսային հսկողության։ Նշվում է, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գառնիկ Մարգարյանը իր միջնորդությամբ ՊԵԿ տեղափոխված «Զվարթնոցի» մաքսայինի բաժնի պետ Վահագն Սահակյանին հրահանգել է թույլ տալ նշված բեռի անցումը։ Վերջինս, ըստ նույն աղբյուրների, համապատասխան հանձնարարականը փոխանցել է իր ենթականերին։

Դեպքը բացահայտվել է «Զվարթնոցի» մաքսային վարչության պետի տեղակալի կողմից, որին կասկածելի են թվացել իրականացված գործողությունները։ Սկաների պատկերների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հեռախոսների անցումը առանց համապատասխան վերահսկողության։ Ըստ տեղեկությունների, դեպքի օրը դրա մասին զեկուցվել է, սակայն որևէ արձագանք չի եղել։

Դեկտեմբերի 10-ին ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է մաքսանենգության փաստը և ՊԵԿ պաշտոնյաների առնչությունը դրան։ Սակայն արդեն դեկտեմբերի 13-ին՝ մամուլում հրապարակումներից հետո, կոմիտեն հայտարարել է ծառայողական քննություն սկսելու մասին։ Միաժամանակ նշվում է, որ ՊԵԿ նախագահը դեռ նոյեմբերին տեղեկացված է եղել ոչ միայն միջադեպի, այլ նաև ներքին անվտանգության վարչության պետի մասնակցության վերաբերյալ հանգամանքներից։

Դեկտեմբերի 24-ին «Զվարթնոցի» մաքսայինում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ։ Մամուլում գրվել է, որ կորպորատիվ միջոցառման ընթացքում վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը հայհոյել է հեռախոսների մաքսանենգության գործին առնչություն ունեցող անձանց։ Դրանից հետո բաժնի պետ Վահագն Սարգսյանը հարձակման է ենթարկել վարչության պետին, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք։

Հունվարի 15-ին իրավապահ մարմինները ձերբակալել են «Զվարթնոցի» մաքսայինի հինգ պաշտոնատար անձանց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է ձերբակալությունների փաստը՝ առանց մանրամասներ հրապարակելու։ ՊԵԿ-ը, իր հերթին, հայտարարել է, որ գործը բացահայտվել է իրավապահների կողմից՝ ՊԵԿ տրամադրած նյութերի հիման վրա։

Թարմացված տվյալներով, ձերբակալվածներից երեքի նկատմամբ դատարանը ընտրել է կալանավորման խափանման միջոց։

Նշվում է նաև, որ ձերբակալվածների թվում գտնվող բաժնի պետը նախկինում աշխատել է քննչական մարմիններում և ՊԵԿ է տեղափոխվել ներքին անվտանգության վարչության պետի միջնորդությամբ՝ լինելով նրա մոտ ընկերներից մեկը։

Միաժամանակ, ըստ տարածված տեղեկությունների, իրավապահների հարցումներին ի պատասխան ՊԵԿ-ը երկու անգամ հայտնել է, թե դեպքի հետ կապված տեսաձայնագրությունները չեն պահպանվել։ Միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ տեսանյութերը առկա են, լրացուցիչ նյութեր են փոխանցվել քննչական մարմիններին։

«Զվարթնոցի» դեպքից բացի, մաքսանենգության ևս մեկ դեպք է արձանագրվել Մեղրիի մաքսակետում։ Ըստ տեղեկությունների, շուրջ 500 կիլոգրամ թանկարժեք տեխնիկա փորձ է արվել ներմուծել Հայաստան առանց որևէ ձևակերպման։ Այս գործի շրջանակում կալանավորված է Մեղրիի մաքսակետի պետ Հովհաննես Ամիրխանյանը, որը, ըստ հաղորդվող տվյալների, այդ պաշտոնում նշանակվել էր վերջերս՝ ՊԵԿ նախագահի որոշմամբ և ՊԵԿ առաջին բաժնի պետի միջնորդությամբ։ Նշվում է նաև, որ նա ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։ Տարածված տեղեկությունների համաձայն, ՊԵԿում աշխատանքի է ընդունվել նաև նախագահի մյուս մորաքրոջ որդին, և նույն շրջանակներում շրջանառվում են պնդումներ, թե Մեղրիի դեպքի շուրջ նույնպես քննարկվում են այդ կապերը։

Առանձին դրվագ վերաբերում է ՊԵԿ ընթացիկ հսկողության վարչությանը։

Ըստ առկա տեղեկությունների, վարչության պետ Արթուր Հակոբյանը այդ պաշտոնում նշանակվել է Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի միջնորդությամբ։ Նշվում է, որ Արթուր Հակոբյանի ենթակաները չգրանցված աշխատողներ են հայտնաբերել նրա ընկերոջը պատկանող ընկերությունում, ինչից հետո վերջինս ստիպել է իր ենթականերին սեփական միջոցներով վճարել սահմանված տուգանքը։

Այսպիսով, վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ-ում արձանագրվել են մի շարք փոխկապակցված միջադեպեր՝ մաքսանենգության, ծառայողական լիազորությունների չարաշահման և ներքին կարգապահության խախտումների վերաբերյալ։ Պաշտոնական մակարդակում հաստատվել են ձերբակալությունների և ծառայողական քննությունների փաստերը, մինչդեռ կոնկրետ դրվագների վերաբերյալ մանրամասները մնում են սահմանափակ։

 

Լրահոս