7 Մայիսի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայում մայիսի 23-ին տեղի կունենա «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2024: Ձգողության ուժերը» միջազգային 8-րդ գիտագործնական կոնֆերանսի եզրափակիչ փուլը:

Ի դեպ, նշենք, որ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կազմակերպած այս կոնֆերանսը բավական մեծ աղմուկ է բարձրացրել, այդ թվում՝ Արևմուտքում: Մասնավորաբար, Թբիլիսիում կայացած կոնֆերանսը միջազգային մի շարք լրատվամիջոցներ որակել էին որպես «Ռուսաստանի հատուկ ծառայությունների համագումար»:

Հավելենք, որ եզրափակիչ փուլին նախորդել է կոնֆերանսների շարք ոչ միայն Թբիլիսիում, այլև Դուշանբեում, Բիշքեկում, Ցխինվալում, Մինսկում: Տեղեկացնենք, որ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը գիտական կազմակերպություն է, որը զբաղվում է հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությամբ՝ քաղաքականությունից մինչև սպորտ:

Ըստ ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովի, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ակտիվորեն զբաղվում է միջհասարակական և միջանձնային երկխոսության նախաձեռնմամբ: Ի դեպ, ինստիտուտի ղեկավար կազմը արդեն հասցրել է լրատվամիջոցներում որակվել որպես «աստղային»:

Ինստիտուտը ղեկավարում է Դիտորդ մարմինը, որի կազմում են տարբեր ոլորտների հայտնի փորձագետներ, ի մասնավորի՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալենտին Սոբոլևը, Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վիտալի Նաումկինը, մեծ հեղինակություն ունեցող այլ անձինք:

Ինստիտուտի զարգացման գործում մեծ ավանդ ունի հետազոտող դիվանագետ, Ռուսաստանի հերոս, արտաքին հետախուզության տնօրենի նախկին տեղակալ, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գիտխորհրդի անդամ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Ինքը՝ ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը, երկար տարիներ աշխատել է պետանվտանգության համակարգում, ՌԴ նախագահի աշխատակազմում, «Նորնիկել» կորպորացիայում, գլխավորում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ամբիոններից մեկը: Անդրադառնալով կադրային հարցին՝ Գասումյանովը նշում է, որ ինստիտուտը զբաղվում է գիտությամբ, և աշխարհում ընդունված է կադրերի «հոսունությունը»՝ ակադեմիական կառույցներ-ուժային կառույցներ-իշխանության մարմիններհասարակական կազմակերպություններ «ճանապարհով»:

Հիմնական նպատակներն են, որ ժողովուրդները, նրանց միջոցով՝ նաև կառավարությունները ճանաչեն միմյանց, որը թույլ կտա նվազեցնել իրար մեջ եղած լարվածությունը, ստեղծել Ռուսաստանի շուրջ բարիդրացիության գոտու աճի կետեր, ինչպես նաև աշխարհին հասցնել Ռուսաստանի օբյեկտիվ կերպարը: «Մենք հիանալի հասկանում ենք, որ աշխարհն այսօր բազմաբևեռ է, ու շատ կարևոր է ապրել և զարգանալ այդ պայմաններում, ինչը նշանակում է հարգել միջազգային գործընթացների բոլոր մասնակիցների իրավունքներն ու հետաքրքրությունները», – նշում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենը:

Ի դեպ, անդրադառնալով Հայաստանին, ինստիտուտի տնօրենը նշում է, որ հատկապես հեռավոր բնակավայրերում ռուսաց լեզուն որոշակիորեն իր դիրքերը զիջել է: «Այստեղ արդեն մեծանում է երկրորդ սերունդը, որը չգիտի կամ լավ չգիտի ռուսաց լեզուն: Որպեսզի կոտրենք այդ բացասական միտումը, մենք Հայաստանում ստեղծել ենք երեք մշակութային կենտրոն»,- ասում է Գասումյանովը:

 

kotayk

Լրահոս