«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։
Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ նման հրաժարականն է նույն քաղաքական շրջանակում։ Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվել էր նաև Մխիթար Հայրապետյանի քավորը՝ Վաղարշակ Հակոբյանը՝ բիզնեսով զբաղվելու հրապարակային պատճառաբանությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխությունները չեն սահմանափակվում միայն անձամբ Հայրապետյանի որոշմամբ։ Նրա ղեկավարած ոլորտում ևս կադրային տեղաշարժերն արդեն մեկնարկել են․ նախարարի թիմի ներկայացուցիչները հերթով ազատման դիմումներ են ներկայացնում՝ սկսած նախարարի տեղակալներից։
Այս ամենը, ըստ իշխանական աղբյուրներում շրջանառվող տեղեկությունների, վկայում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կադրային փոփոխությունները լինելու են ոչ թե մասնակի, այլ համակարգային բնույթի։
Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու Մխիթար Հայրապետյանի ծրագիրը դեռ մշուշոտ է, քանի որ ընտրությունները կկայանան մյուս տարվա գարնանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: