21 Հուլիսի, 2026

Այսօր Արարատի մարզի գյուղացիները փակեցին Երևան–Երասխ ավտոճանապարհը։ Պատճառը հերթական անգամ նույնն էր՝ դաշտում հասունացած լոլիկը ոչ շուկայում է վաճառվում, ոչ գործարաններն են ընդունում, իսկ արտահանել էլ չեն թողնում։

Դաշտում լոլիկը փչանում է, բայց պաշտոնական հաշվետվություններում՝ տնտեսությունը ծաղկում է։

Հայաստանում կա մի յուրահատուկ տնտեսական մոդել,գյուղացին ամբողջ տարին վարկ է վերցնում, հող մշակում, ջրում, պարարտացնում, արևի տակ աշխատում, հետո գալիս է բերքահավաքի օրը, ու պարզվում է՝ իր արտադրանքը ոչ մեկին պետք չէ։

Արտահանել չեն թողնում։ Գործարաններն ասում են՝ «չենք ընդունում»։ Շուկան ասում է՝ «չենք գնում»։ Պետությունն ասում է՝ «ամեն ինչ վերահսկվում է»։ Իսկ բանկը միակն է, որ ոչ մի արդարացում չի ընդունում,վարկի օրը գալիս է ճիշտ ժամանակին։

Արդյունքում լոլիկը դաշտում է մնում, գյուղացին՝ ճանապարհին, իսկ պատասխանատուները՝ օդորակիչի տակ՝ հերթական հաջողությունների մասին հաղորդագրություն գրելով։

Ամեն տարի նույն ներկայացումն է։ Սկզբում խոստանում են, որ «հաջորդ տարի խնդիր չի լինի»։ Հաջորդ տարին գալիս է, և պարզվում է՝ նախորդ տարվա խնդիրն արդեն «լավ ժամանակներն» էին։

Ամենազավեշտալին այն է, որ գյուղացուն մեղադրում են, թե շատ է ցանել։ Այսինքն՝ մարդուն ասում են՝ մի՛ արտադրիր, որովհետև մենք չենք կարողանում կազմակերպել վաճառքը։ Պետության անգործունակությունը դարձրել են գյուղացու մեղքը։

Եթե արտահանումը խոչընդոտվում է, գործարանը չի ընդունում, ներքին շուկան էլ չի սպառում, ապա խնդիրը լոլիկը չէ։ Խնդիրը կառավարման լոլիկագույն ձախողումն է։

Հետո, երբ մարդիկ ճանապարհ են փակում, հանկարծ բոլորը զարմանում են. «Ինչո՞ւ են բողոքում»։ Երևի պետք է շնորհակալություն հայտնեն, որ միլիոնների վարկերով աճեցրած բերքը դաշտում փչանում է։

Այս երկրում, կարծես, միակ ապրանքը, որը միշտ իրացվում է, իշխանությունների խոստումներն են։ Դրանք ամեն տարի նոր փաթեթավորմամբ վաճառվում են, թեև վաղուց սպառման ժամկետն անցել է։

Իսկ լոլիկը… այն պարզապես հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում ամենաէժան բանը գյուղացու աշխատանքն է։

Իսկ իշխանության ամենակայուն գործը շարունակում է մնալ ոչ թե խնդիր լուծելը, այլ սելֆի անելը:

Mnews.am

Լրահոս