«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում Եվրոպական համայնքի և ԱՄՆ-ի հարաբերություններում էական լարվածություն է նկատվում, որն առաջին հերթին պայմանավորված է հին աշխարհակարգը սատարող ուժերի՝ գլոբալիստների և նոր աշխարհակարգի՝ ազգային պետության շահերի կողմնակիցների միջև։
Այս հակասությունները նաև գաղափարական հենք ունեն։ ԱՄՆ-ի նոր վարչակարգն առաջնային է համարում պահպանողականությունը, կրոնական արժեհամակարգը, անօրինական միգրանտների դեմ պայքարը և առաջին հերթին ազգային շահերի սպասարկումը։ Իսկ Եվրոպայում դեռևս շարունակում են իշխել լիբերալ գաղափարախոսության ջատագովները՝ չնայած հանրային տրամադրություններում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, և հանրության շրջանում գնալով ավելի մեծ աջակցություն են սկսում վայելել աջակողմյան ուժերը։
Բայց հարցի մեկ այլ կողմն այն է, թե Եվրոպան կկարողանա՞ դիմագրավել ԱՄՆ-ի հակազդեցությանը, երբ Թրամփից տարբերվող քաղաքականություն է վարում։ Ու այդ քաղաքականությունը դրսևորվում է հատկապես Ուկրաինայի հարցում։ Պատահական չէ, որ Սպիտակ տանը Զելենսկի-Թրամփ բանավեճից անմիջապես հետո եվրոպական երկրների բազմաթիվ ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ միանգամից աջակցություն հայտնեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։ Եվ եթե Եվրոպայում համաձայն չեն Թրամփի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջարկին, ապա այդ դեպքում, երբ ԱՄՆ-ն ընդհանրապես դադարեցնի աջակցությունը Ուկրաինային, արդյոք Եվրոպան ի վիճակի կլինի՞ Ուկրաինային ապահովել այնպիսի չափի օգնությամբ, այդ թվում՝ ռազմական, որպեսզի այդ երկիրը դիմագրավի ռուսական զորքերի առաջխաղացմանը։ Առանց այդ էլ Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում եվրոպական երկրները զրկվել են էժան էներգետիկ աղբյուրներից, մասնավորապես գազից, ինչի արդյունքում էլ եվրոպական արտադրությունը կորցրել է իր մրցունակությունը, նույնիսկ գործարաններ են փակվում, իսկ մյուս կողմից էլ՝ եվրոպական երկրներում էական թանկացումներ են նկատվում, ինֆլ յացիան շարունակում է իր «հաղթարշավը»։ Գումարած՝ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ի նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանելու, Եվրոպայից էլ խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։
Արդյոք Եվրոպան պատրա՞ստ է այս պայմաններում հակադրվել ԱՄՆ-ին, որից մեծ քանակությամբ անհրաժեշտ հումք, էներգետիկ ռեսուրսներ ու ապրանքներ է ստանում։ Երբ ԱՄՆ-ը սկսի կոշտ տնտեսական միջոցներ ձեռնարկել ու եվրոպացիների անվտանգությունը պատվիրակել եվրոպական երկրներին, որոնք արդեն ստիպված են լինելու ավելացնել իրենց պարտքի չափերը, որպեսզի անվտանգային խնդիրները լուծեն, պարզ է, որ Եվրոպան առավել խոցելի կդառնա, քանի որ եվրոպական համայնքը ստիպված է լինելու իր խնդիրները լուծել մեծամասամբ պարտքի ավելացման ու այլ ոլորտներից միջոցների հավաքագրման հաշվին։
Այս դեպքում հավանական է դառնում նաև այն սցենարը, որ Եվրոպայում տնտեսական վիճակի բարդացման հետ մեկտեղ հանրային դժգոհությունները կարող են ավելի խորանալ, ինչն էլ ինչ-որ մի պահի կհանգեցնի կառավարությունների փլուզմանը կամ այլ տրանսֆորմացիոն փոփոխությունների։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փորձագետներն առնվազն տարօրինակ են համարում, որ այս պայմաններում, երբ Եվրոպան չի կարողանում գլուխ հանել սեփական խնդիրներից, Հայաստանում ընտրում են ոչ մի տեղ չտանող ճանապարհ, այն է՝ որոշում են կայացնում եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին։