6 Ապրիլի, 2024

«Հրապարակ»–ը գրում է.

Ինչ ստորացուցիչ եւ ամոթալի հայտարարություն էր բրյուսելյան հանդիպմանը հաջորդած հայտարարությունը: Հասկանալի է, որ նախօրեին հնչած ադրբեջանական շանտաժն ու ռուսական ախուվախն իրենց դերը խաղացել էին, եւ արեւմտյան պաշտոնյաները, չբավարարվելով, մինչ հանդիպումը ադրբեջանական տարբեր պաշտոնյաների հետ հեռախոսազրույցներում, հարցազրույցներում եւ հայտարարություններում արված ռեւերանսներով, նաեւ հանդիպմանը հաջորդած հայտարարության տեքստում էին փորձել սիրաշահել ոմանց սիրտը եւ ցույց տալ, որ միայն չնչին օգնություն են տրամադրում Հայաստանին, ուրիշ ոչինչ: Բայց անհասկանալի մնաց, թե ինչու են այդ հայտարարության մեջ թվարկել մինչ այս հատկացված բոլոր օգնությունները: Օրինակ, «սկսած 2023 թվականի սեպտեմբերից՝ Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին եւ փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին» եւ սեպտեմբերից ի վեր մոտ 31 միլիոն դոլար է տրամադրել:

Գուցե Նիկոլ Փաշինյանը վերագտնե՞ր 2018 թվականի իր «դուխը» եւ հայտարարեր, որ վիրավորված է հայկական ժողովրդավարությանը «մեծ փող չտալու փաստից, իսկ մանր փողերի կարիք մենք չունենք, քանզի կարող ենք թափ տալ որոշ խոշոր օլիգարխների գրպաններն» ու ավելի մեծ գումար ստանալ: Կամ գոնե թույլ չտար, որ նման ստորացուցիչ տեքստ կազմվեր: Ուկրաինային հարյուրավոր միլիարդների գումարներ տրամադրող Արեւմուտքին թույլ չտար մեզ ծաղրել՝ չորս տարում 300 միլիոն եվրոյի կարգի գումար տրամադրելու մասին խոսակցություններով: Եվ առհասարակ` ամոթալի իրողություն է, երբ եվրոպացիներին թվում է, թե հայ ժողովրդին ու ՀՀ իշխանություններին միայն փողն է հետաքրքրում, եւ համագործակցության մասին խոսակցություններն ուղեկցվում են բացառապես գումար տրամադրելու խոստումներով:

kotayk

Լրահոս