Այսինքն, ինչպես ամեն անգամ, այս դեպքում էլ տեսնում ենք, որ Փաշինյանի ու նրա զինակիցների աղմկոտ հայտարարությունները, պարզվում է, ճոխացրած են: Եթե ավելի կոպիտ չարտահայտվենք:
Կամ թեկուզ նոր բաժանորդների միացման դրվագը: Նստած քննարկում են ու ասում, թե փորձում են այնպես անել, որ ՀԷՑ-ին ֆինանսական վնաս չպատճառվի և սակագների վրա էլ այդ ծախսերը չազդեն, բայց կփորձեն մի… 30 տոկոսի չափով նվազեցնել: Բայց մի րոպե, իսկ ո՞ւր մնաց տասնապատիկ ուռճացման մասին հայտարարությունը: Եթե բազմապատիկ, կամ տասնապատիկ էր միացման վճարի չափը ուռճացված, ինչպե՞ս է, որ 30 տոկոսով կարող են այն նվազեցնել: Իսկ կարո՞ղ է պատահել, որ այդ ենթադրյալ 30 տոկոսն էլ զուտ հարկային բեռն է, ու դրա՞ հաշվին են «նվազեցում» անելու: Իսկ ո՞վ է հետո վճարելու այդ 30 տոկոսի տարբերությունը:
Այն, որ Փաշինյանը կփորձի քաղաքական նկատառումներով էլեկտրաէներգիայի սակագների վրա էլ խաղալ, արդեն նշմարվեց այն պահից, երբ ՀԾԿՀ-ն, անընկալելի պատճառներով, մերժեց «Տաշիր գրուպի» առաջարկը՝ նույն սակագները մոտ 3 դրամով նվազեցնելու մասին: ՔՊ ղեկավարը թերևս մտածել է, որ եթե նման տարբերակ կա, ապա ինչո՞ւ թողնել, որ դա արվի իր կողմից թշնամի հայտարարված Կարապետյանների կողմից, էն է՝ Փաշինյանը ՀԷՑ-ը կխլի ու ընտրություններից առաջ այդ նույնը կանի. խնդրեմ, սիրելի հպարտ ժողովուրդ, տեսնո՞ւմ ես՝ ինչ լավն եմ: Ի դեպ, այս մասին էլ էինք դեռ մեկ ամիս առաջ գրել, որ, մեր տեղեկություններով, իշխանություններն «առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով լիցենզիայից կզրկեն ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին կիջեցնեն սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդհուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ կդարձնեն փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Բայց և, միևնույն ժամանակ հավելել էինք, որ «դրանից մոտ վեց ամիս անց, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն»:
Հաջորդ, մեղմ ասած, խնդրահարույց հարցը. Փաշինյանը, որպես քրեական իրավունքի, առհասարակ՝ իրավագիտության անվիճելի գիտակ, հայտարարեց, թե ՀԷՑ-ում «փողերի լվացում» է արվել: Ըստ էության, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այդ կերպ մի կողմից՝ հրահանգավորեց իր ենթակայության տակ գտնվող իրավապահներին, մյուս կողմից՝ կանխորոշեց նույն այդ իրավապահների գործողությունները: Սա արդեն արձանագրեցին ու դրան արձագանքեցին նաև պրոֆեսիոնալ իրավաբանները: Օրինակ՝ Գոհար Մելոյանը նկատում է, որ վարչապետի կողմից որևէ անձի որևէ գործողություն հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ «փողերի լվացում» որակելը ա) իրավապահ մարմիններին ուղղված ուղղակի հրահանգավորում է, բ) անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսևորում: Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է Փաշինյանից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու:
Մյուսը՝ ՀԷՑ-ի հետագա ճակատագրի մասին. ՀԷՑ-ը պետականացնելո՞ւ են, թե՞ նոր ներդրող են փնտրելու: Ու չնայած Փաշինյանը, բոլշևիկյան մոտեցմամբ, առաջին տարբերակն է գերադասում, բայց երևի երկրորդն ընտրեն: Դժվար է ասել, թե ՀԷՑ-ի դեպքում և ՀԷՑ-ի հետ ինչ կլինի: Ամենից հավանականն այն է, որ փաշինյանական կառավարման պայմաններում այդ ընկերությունը քայքայվի, հասնի այնպիսի վիճակի, որ եղած սակագները կրկնակի, եռակի բարձրացնելու խոսակցություններ բացվեն: Դե, Փաշինյանն ինչի դիպել է, քանդել ու քայքայել է:
Բայց ինչ էլ որ լինի, իշխանությունն արդեն իսկ ահռելի վնաս է պատճառում մեր երկրին, ավելին՝ հետևողականորեն շարունակում է այդ վնասը պատճառել:
Նախ՝ ով էլ որ լինի ենթադրյալ նոր ներդրողը, նա պետք է իմանա, որ մի օր էլ իրեն կսեփականազրկեն ու կբանտարկեն, ըստ որում՝ լրիվ հանիրավի: Սակայն կրկնենք՝ անմիջականորեն ՀԷՑ-ի հարցը դեռ մի կողմ: Հիմնականն այն է, որ այս աղմկահարույց պատմությունն ու սեփականության խլման, իրավական կամայականության, իսկ ավելի ճիշտ՝ «բեսպրեդելի» ցցուն իրողությունները տեսնելով՝ հազիվ թե որևէ խելքը գլխին ներդրող ցանկանա Հայաստանի այսօրվա իշխանության հետ կամ Հայաստանում գործ ունենալ: Իսկ դա շատ ավելի մեծ վնաս է, քան զուտ 1 ընկերություն (թեկուզ ռազմավարական նշանակություն ունեցող) խլելը կամ քայքայելը:
Ամեն պարագայում, թեպետ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քարոզչապղպջակներ բաց թողնել, բայց դրանք արդեն մի քանի րոպե էլ չեն դիմանում: