26 Փետրվարի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Երևանում հաշվել են ուրբաթ օրը Կապանում տեղի ունեցած «Քաղպայմանագիր» կուսակցության տարածքային խորհրդի ընտրությունների արդյունքները, որոնք շոկային են եղել որոշ կապանցի ՔՊ-ականների համար։ Իշխանական պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Մարիա Ղազարյանը դուրս են մնացել Կապանի խորհրդի կազմից։ Փոխարենը նրանցից ավելի շատ ձայն է հավաքել ՔՊ գրասենյակի քարտուղարուհի՝ ոմն Սարվարդ Թումանյան, որը երբեւէ քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկել, եւ կուսակցությունում նրան գիտեն իբրեւ սուրճ եփողի։ Տարածքային կառույցի ընտրություններին քվեարկած 77 կուսակցականներից 63 կողմ ձայն է ստացել Սարվարդը եւ զիջում է միայն ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանին, որն առաջատարն է՝ 69 ձայնով։ Վերջինիս ձայներն էլ բուռն դժգոհություն են առաջացրել ՔՊ կապանյան շարքերում։

Բանն այն է, որ Բաբայանի արագ հարստանալու փաստն այլևս քողարկել հնարավոր չէ, եւ կապանցիների՝ իշխանությունների նկատմամբ դժգոհությունները նաեւ նման անձանցով են պայմանավորված։ Տարածքային խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որոնցից միայն մեկն է պատգամավոր՝ Դավիթ Դանիելյանը, որը քվեարկության արդյունքներով երրորդն է՝ 59 ձայնով։ Մյուս 4 անդամներից մեկը գողական Գագուլիկն է՝ Կապանի բարձրավոլտ էլցանցերի տնօրենը, որին այդ պաշտոնում նշանակելու համար միջնորդել է Նարեկ Բաբայանը։ Ի դեպ, ՔՊ գրասենյակի քարտուղարուհին նույնպես նրա մտերիմն է։ Անցողիկ շեմը հաղթահարողներից մեկն էլ ֆիթնեսի մարզիչ է՝ Լավրենտ Ստեփանյանը, որը կոմբինատում է աշխատում։ Հաջորդը Նարեկ Դավթյանն է՝ ՔՊ Կապանի խորհրդի նախկին ղեկավարը, որի պատճառով անցած տարվա հունիսին Նիկոլ Փաշինյանը լուծարեց կառույցը, քանի որ Սյունիք այցի ընթացքում բնակիչները բողոքել էին Դավթյանից, թե տեղի կառույցում քաոս է տիրում։ Յոթերորդ թեկնածուն կրկին կին է՝ Կապանի թիվ 13 դպրոցի տնօրենը՝ Կապանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Ժաննա Վարդանյանը, որը ջերմ հարաբերություններ ունի Դավիթ Դանիելյանի հետ։ Փոխարենը քաղաքում հարգված Նարինե Գրիգորյանը, որը պոլիկլինիկայի տնօրենն է, չի անցել։ Ասում են՝ պատճառը Նարեկ Բաբայանի հետ լարված հարաբերություններն են։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ, նախորդի պես, այս անգամ էլ նախապես ուղղորդել են ՔՊ-ականներին եւ ցուցումներ տվել, թե ում ձայն տան։ Ասում են՝ այս անգամ եւս Կապանի ընտրակեղծիքների կուրատորները եղել են վարչության երկու հայտնի անդամները՝ Արայիկ Հարությունյանն ու Արսեն Թորոսյանը։ Չնայած Նարեկ Դավթյանը երեկ գրեթե երդվեց, թե արդար ընտրություններ են եղել, եւ հերյուրանք համարեց իրենց շարքերում պտտվող խոսակցությունները, որ փորձել են նախապես ուղղորդել։ «Դե, ակնկալիք չունեի, որ ասեմ՝ արդարացել է կամ չի արդարացել»,- ասաց նա։ Հարցրինք՝ ինչպե՞ս հասկանալ, որ նախորդ կառույցը Ձեր պատճառով լուծարեցին, բայց Դուք կրկին անցաք խորհրդի կազմ։ Դավթյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե խիստ զբաղված է։

Մեզ պատմեցին, որ դեպրեսիայի մեջ են պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Մարիա Ղազարյանը, առաջինը՝ 37, երկրորդը՝ 27 քվե է ստացել։ Ղազարյանը երեկ ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Նարեկ Ղահրամանյանը, լսելով ընտրությունների մասին հարցը, մեզ հաջողություն-առողջություն մաղթեց ու անջատեց հեռախոսը։

Բանն այն է, որ Փաշինյանը մինչ ընտրությունները հասկացրել է, որ բոլորի ստացած ձայներով է որոշվելու իրենց ապագան՝ թե ով որտեղ կհայտնվի գալիք ընտրություններին։ Սակայն մեզ ասացին, որ չնայած ՔՊ-ական պատգամավորների նկատմամբ կա դժգոհություն, բայց «հաղթած» թեկնածուներն իրականում ոչնչով աչքի չեն ընկել այս ընթացքում, և եթե ընտրությունները նախապես չուղղորդվեին, ապա չէր լինի այս պատկերը, համաձայն որի՝ Կապանի տարածքային խորհրդում գերակշռում է Բաբայանի թևը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում 

Լրահոս