«Հրապարակ» թերթը գրում է.
Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ինքնաբուխ ձեւով շարունակվում է։ Սակայն այս օրերին համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ ավտոբուսների վարորդները վիրավորում, քաշքշում են ուղեւորներին, որոշ դեպքերում նույնիսկ փորձում են խլել բոյկոտող քաղաքացիների հեռախոսները։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ բոյկոտի առաջին օրերին վարորդներն իրենց պահում էին քաղաքակիրթ, ինչպես ասում են՝ օրենքի տառին համապատասխան, եւ չէին միջամտում քաղաքացիական ակցիային` բոյկոտին։
Մենք գրել էինք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունը վարորդներին հրահանգել է՝ արձագանքել բոյկոտին եւ բոյկոտող քաղաքացիների դեմ միջոցներ ձեռնարկել, այլապես սպառնացել են` աշխատավարձ չեք ստանա։ Վարորդներին հրահանգել են՝ չընդունել 100 դրամանոցները եւ պարտադրել, որ քաղաքացիները վճարեն նոր սակագնով` 150 դրամ։ Ավտոբուսների վարորդները հրահանգը ստացել ու անցել էին գործի։ Նրանցից ոմանք հրահանգը կատարելիս նույնիսկ չափն անցնում էին` մետաղադրամները շպրտում էին քաղաքացիների վրա, չվճարողներին իջեցնում ավտոբուսից, վեճի մեջ մտնում նրանց հետ։ Վարորդների վարքագծի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ից։
Ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը վերջին իրադարձություններից հետո այլեւս չի պատասխանում մեր զանգերին, իսկ ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Հրապարակ»-ին ասաց, թե վարորդներին մի հրահանգ է տրվել՝ պահել քաղաքակրթության կանոնները։
«Վարորդներին մի հրահանգ կա՝ հնարավորինս բարեկրթության սահմաններում տեղափոխեն ուղեւորներին «ա» կետից «բ» կետը։ Վարորդների աշխատանքային պայմանագրում կա կետ, ըստ որի՝ բարեկրթության սահմաններում իրավունք ունեն ուղեւորին հորդորել եւ խնդրել՝ ուղեվարձը ստանալ։ Եթե դուք ունեք ապացույցներ, որ վարորդն իրեն վատ է պահել, խնդրեմ՝ ներկայացրեք մեզ։ Հաշվի առնելով լարված իրավիճակը՝ կխնդրեմ նաեւ ներողամտությամբ վերաբերվել վարորդներին, որոնց նյարդերը կարող են տեղի տալ»,- ասաց մամուլի խոսնակը։
Հետաքրքրվեցինք` քաղաքացիների հետ ծագած միջադեպերով պայմանավորված, որեւէ վարորդ աշխատանքից ազատվե՞լ է։ Ասատրյանը տեղյակ չէր, խոստացավ ճշտել, ասել։ Ստացվում է, որ վարորդներն իրենց կամքով են «գազազած» հարձակվում քաղաքացիների վրա, ինչը տրամաբանական չէ, քանի որ նրանք աշխատավարձ են ստանում, անկախ նրանից՝ քանի ուղեւոր են տեղափոխում, այդ ուղեւորները վճարո՞ւմ են ուղեվարձը, թե՞ ոչ, վարորդը ո՛չ հսկիչ է, ո՛չ էլ օրվա պլան փակելու խնդիր ունի, որ շահագրգռված լինի ուղեվարձը հավաքելու հարցով, այն էլ` բարձրացված սակագնով։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաեւ ուղետոմսի նոր սակագին, որը 150 դրամ արժե եւ գործում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը։ Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ընդդիմադիրների հայտարարած բոյկոտին` նրանք կա՛մ 100 դրամանոց են դնում վարորդի մոտ եւ իջնում, կա՛մ պարզապես չեն վճարում` դրանով արտահայտելով իրենց բողոքը տրանսպորտի թանկացման դեմ։