44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի նորածին եղբայրը կրտսեր Մխիթարը, և նրա մայրը Աստղ Գալեյանը, այսօր դուրս են գրվել բժշկական կենտրոնից։
Տիկին Աստղը 168.am-ի հետ զրույցում կիսվել է իր զգացողություններով, ասել դրանք աննկարագրելի են, 22 տարի անց կրկին մայր դառնալ
«Փոքրիկ Մխիթարս կարող էր լինել իմ թոռնիկը, բայց նորից մայրացա, նորից Մխիթար։ Չգիտենք ուրախանա՞նք… բայց մեկ է, այդ թախիծը ներսումդ կա, հիշողությունները կան, բայց ուրախ եմ, որ իմ ընտանիքում նորից տղա երեխա ծնվեց․․․»։
Ծննդատան միջանցքում կնոջն ու նորածին որդուն սպասող հերոսի հայրը Գարիկ Գալեյանը, չի կարողացել զսպել արցունքները, երբ գրկել է կրտսեր Մխիթարին։
Բժշկական կենտրոնից Գալեյանները, նրանց հարազատներն ու ընկերները ուղևորվել են դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Մի ամբողջ 9 ամիս սպասել եմ, որ լացեմ, լավ լացեմ․․․»,- որդու շիրիմին մոտենալով ասել է տիկին Աստղը։
Հերոսի հայրը 168.am-ի հետ զրույցում ասել է որդու ծնունդով ուրախությունն ու տխրությունը միախառնվել են.
«2 տարի սպասել եմ Մխիթարիս, որ հունվարի 17-ին պետք է տուն գար, բայց չի եկել։ 2 տարի անց փոքր Մխիթարս է լույս աշխարհ եկել․․․ Զգացողություններս չեմ կարողանում նկարագրել, 22 տարի առաջ եմ այս ապրումներն ունեցել, այն ժամանակ երիտասարդ եմ եղել․․․ Անկեղծ, փոքր Մխիթարիս չենք ունեցել, որ ցավս փարատեմ, ունեցել եմ, որ ծուխս չմարի, ու որ ընտանիքումս մի հոգի էլ պայքարող լինի մեծ Մխիթարիս արյան համար, մենք պայքարելու ենք։ Որախացել եմ, որ ընտանիքումս մի հոգի էլ է ավելացել Մխիթարս է, ինքն իմ Մխիթարն է, ինձ անմխիթար չթողեց։ Մխիթարս ծնվել է, ու սա ուրիշ բան է, չեմ կարողանում այս զգացողությունը հասկանամ․․․ Սրտիս մի մասը տխուր է, մյուս մասը ուրախ է, այդ վիճակն է․․․»: