22 Ապրիլի, 2022

Դեռ ապրիլի 1-ին Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին Հայաստանին արտահանձնելու նպատակով կդիմեն ՌԴ:

Դեռ հունվարին մենք գրել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի կեսերին։ Նա պնդում է, թե իր գործը կապված է մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ։

Դատախազի խորհրդականը մեզ հետ զրույցում նախ նշում է, որ ինչ-ինչ ներքին խնդիրների պատճառով դիմումը դեռևս Ռուսաստան չի ուղարկվել, ապա հավելում, որ հաշված օրերի ընթացքում խնդիրը լուծում կստանա, սակայն մենք ապրիլի 11-ին կրկին տեղեկացանք դատախազությունից, որ ինչ-ինչ խնդիրներ կան, ուստի գործը դեռևս Ռուսաստան չի ուղարկվել:

Երեկ մենք կրկին դիմեցինք դատախազի խորհրդական Գոռ Աբրհամյանին` հասկանալու համար, թե արդյոք գործն ուղարկվե՞լ է ՌԴ: Ստացանք կցկտուր պատասխան. «Դեռևս միջնորդությունը չի ուղարկվել, համապատասխան հիմքերի ապահովման և ընթացքի փուլում է այն, դեռ կան անհրաժեշտ գործողություններ, գործի հետաձգվելը դրանով է պայմանավորված»,- նշեց դատախազի խորհրդականը: Սակայն թե ինչ անհրաժեշտ հիմքեր են փորձում ապահովել դատախազությունում և վերջապես ի՞նչ խնդիրներ կան, մեր զրուցակիցը չցանկացավ նշել:

Պարզ է, որ այդ խնդիրներն անլուծելի են եւ մեղադրանքն այնքան անհիմն է, որ դրա հիման վրա ՌԴ իրավապահները արտահանձնում չեն իրականացնի, դա է չդիմելու պատճառը:

«Հրապարակ օրաթերթ»

kotayk

Լրահոս