23 Մարտի, 2022

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բորիս Բախշիյանի կալանքի մեջ գտնվելու փաստին:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Բորիս Բախշիյանի մեղադրանքում նշվել է, որ նա Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ ԱԿՆՀԱՅՏ ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ է կայացրել։

2. Կալանավորման միջնորդության մեջ մեղադրանքի կողմը նշել է, որ Բախշիյանին մեղսագրվող հանցավոր արարքի հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվել է ԱԿՆՀԱՅՏ ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ կայացնելով։

3. Դատավոր Արղամանյանն իր որոշման մեջ նշել է, որ Բախշիյանի կայացրած դատական ակտը ՕՐԻՆԱԿԱՆ է։ Ոչ ոք, այդ թվում՝ քննիչն ու դատախազը իրավասու չեն նույնիսկ ԿԱՍԿԱԾԻ տակ դնել դրա օրինականությունը։

4. Դատախազությունն այս մասով վերաքննիչ բողոք չի ներկայացրել։

5. Դատավոր Արղամանյանն իր որոշման մեջ նշել է, որ Բախշիյանը գործել է անկախ, անաչառ և բարեխիղճ։

Բայց միևնույն է՝ Բախշիյանն արդեն 44 օր է գտնվում է կալանքի տակ։ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ…»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին, որը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նշենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Փետրվարի 16-ին Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մերժվել է։

kotayk

Լրահոս