21 Դեկտեմբերի, 2022
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և երկու աղջիկները` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակից։

«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,–ասված է ծանուցման մեջ։

Նշվում է նաև, որ անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։ Հիշեցնենք, որ Սարգսյանն արդեն անցնում է մեկ այլ քրգործով։ Ըստ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի` իր կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թ–ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը 489 160 310 դրամ:

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Լրահոս