21 Փետրվարի, 2023
«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացված խուզարկությունների հետևանքով տնտեսվարողը էական չափերի վնաս է կրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

«Ընկերության գործունեությունը տևական ժամանակ խախտվել է: Մասնաճյուղ կա, որտեղ 3 ժամ խուզարկություն է իրականացվել, մասնաճյուղ կա 8 ժամով: Տևական ժամանակով դադարեցվել է ընկերության գործունեությունը, տնտեսվարողը կրել է էական չափերի վնաս»,- ասաց Ռաֆայել Խաչատրյանը։

Անդրադառնալով իրավապահների տարածած հայտարարությանը Խաչատրյանն ասաց. «Հայտարարությունն ընդամենը ոչ պատշաճ հետաքննության և ոչ լիարժեք ապացույցների հիման վրա ձևակերպված ենթադրություն է: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, և առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը, ենթադրաբար հայտարարություններ տարածելը ոչ այլ ինչ է, քան իրավաբանական առումով անգրագիտություն»:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի առավոտից սկսած իրավապահները խուզարկություններ էին իրականացնում ընկերության մասնաճյուղերում: Խուզարկություններին զուգահեռ իրականացվում էին նաև առգրավումներ: Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը ավելի վաղ նշել էր, որ իրականացված խուզարկությունները և առգրավումներն ապօրինի են:

Լրահոս