Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ, մասնավորապես, Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին 3, Արագածոտնին՝ 2 շտապօգնության մեքենա:
«Շտապ օգնության ծառայությունն այն օպերատիվ և մոբիլ ծառայությունն է, որի զարգացման ու հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունեն ծառայությանը դիմող բուժառուների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։
Նշվածի ենթատեքստում մեծապես կարևորվում է նաև շտապ օգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։ Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակում ձեռք են բերվել թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակում ձեռք բերված շտապ եւ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ասել է Ավանեսյանը։
Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է՝ հիմք ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։