18 Սեպտեմբերի, 2019
Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

ԶԼՄ-ների տեղեկություններով, նիստին խոսք է գնացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը ուժային տարբերակով բացելու մասին, ինչին հակաճառել է ոստիկանապետը: Ըստ տեղեկությունների, դա բարկացրել է վարչապետին, եղել է կոշտ խոսակցություն, որից հետո էլ հրաժարական է տվել Օսիպյանը:

ԱԱԾ-ի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին հետեւում է ոստիկանապետի

Միակ պատճառը թերեւս դա չէ: Նիկոլ Փաշինյանը բազմիցս դժգոհել է իրավապահներից, մասնավորապես խոստացված կոռուպցիոն բացահայտումների ու գումարների վերադարձի տեմպերից: Իր հերթին, իշխանության ու քաղհասարակության տարբեր օղակներում նույնպես պարբերաբար հրապարակային դժգոհություններ են հայտնում իավապահներից ու մասնավորապես ոստիկանությունից:

Իմ քայլի պատգամավորները վերջին օրերին խորհրդարանում բարձրացրել են ոստիկանության գործողությունների հարցը: Մասնավորապես, Արուսյակ Ջուլհակյանն ասում է, որ ոստիկանությունը ժողովրդավարությունը ընկալել է որպես սիգնալ եւ հաճախ չի միջամտում օրինախախտումներին: Խոսքը ընդդիմության ակցիաների մասին է, այսինքն՝ Իմ քայլը ոստիկանությանը մեղադրել է ավելորդ հանդուրժողականության մեջ:

Մյուս կողմից, Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկությունն արձանագրում է մեկ այլ թրենդ, որը վերաբերվում է նախկին համակարգի կադրերից ազատվելու հայտարարություններին: Դա վերաբերվում է նաեւ դատական համակարգին: Իշխանությունն այդպիսով հակադարձում է այն մեղադրանքներին, որոնք վերաբերում են բարեփոխումների դանդաղ ընթացքին կամ բացակայությանը:

Արդյոք այդ կադրերն են իսկապես մեղավոր, թե խնդիրն իշխանության ներսում է: Մյուս կողմից, իշխանությունը կանգնած է ներքին լուրջ խնդիրների առջեւ, երբ տարբեր խնդիրների շուրջ տարաձայնությունները սպառնում են լուրջ ճեղքեր առաջացնել: Մյուս կողմից, մեծանում է հանրային դժգոհությունը եւ այդ ֆոնին՝ նախկին համակարգի տարբեր խմբավորումների ճնշումը, որոնց աշխուժության պատճառը իշխանության, Վանեցյանի բնորոշմամբ, տարերային ու անտրամաբանական քաղաքականությունն է:

Ինչ կարող է հակադրել իշխանությունն այս իրավիճակին: Կադրային աղմկոտ փոփոխությունները մի կողմից կարող են նպաստել իշխանության կոնսոլիդացմանը, մյուս կողմից, ազատվելով նախկին համակարգի հետ կապված կադրերից, անցնել ավելի կոշտ մեթոդների:

Ի դեպ, հետաքրքիր է, որ օրերս Նիկոլ Փաշինյանը Իմ քայլին ակնարկեց խորհրդարանի նոր ընտրության մասին: Դա ավելի շատ զգուշացում էր հիշեցնում այդ անգործունակ խմբակցությանը, թեեւ չի բացառվում, որ իրավիճակը կարող է հանգել նաեւ դրան:

Օսիպյանի հրաժարականը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյանի հետ ու կողքին ողջ հեղափոխությունը քայլած ոստիկանապետը հեռանում է: Դա խորհրդանշում է նոր փուլի սկիզբը:

kotayk

Լրահոս