ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը Հակոբ Բեգլարյանը, ով ի դեպ պատրաստվում է մասնակցել առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններին թիվ 4 ընտրատարածքից, անօրինական ճանապարհով առգրավել է Վարս Փանյանի վարձակալած տարածքը: Տարածքի սեփականատեր Էդգարը ներկայանալով Բյուզանդի 89/1 տարածքում գտնվող «Մետաքսի ճանապարհ» փրոդաքշն գրասենյակ Վարս Փանյանին տեղեկացրել է, որ վերոնշյալ տարածքն անհրաժեշտ է իր քավորին Հակոբ Բեգլարյանին, ով տվյալ վայրում պատրաստվում է նախընտրական շտաբ բացել: Վարս Փանյանը հիշեցրել է, որ վարձակալության պայմանագիր ունի, սակայն իր բոլոր առարկությունները զուր են անցել: Տարածքի սեփականատերը ստիպել է տիկին Փանյանին անմիջապես լքել տարածքը: Տիկին Փանյանը պահանջել է թույլ տալ վերցնել իրեն պատկանող գույքը, մասնավորապես 4 նոր գնված համակարգիչները եւ կահույքը, սակայն տարածքի սեփականատերը թույլ չի տվել ասելով, թե նա պետք է հեռանա թողնելով ամեն ինչ, ինչպես կա: Նշենք, որ տիկին Փանյանը վերոնշյալ տարածքը նաեւ ամբողջովին նորոգել էր: Տարածքի սեփականատերը ստիպել է նրան դուրս գալ եւ կողպել է դուռը: Մեզ հետ խոսքում տիկին Փանյանն ասաց, որ այս պահին գնում է ոստիկանական բաժանմունք, հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հավելյալ:
Նյութի աղբյուրը ` hraparak.am