ՀՀ ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որպես ինքնուրույն միավոր, համարել է, որ գոյություն չունի ոչ թե ադրբեջանական ագրեսիայի ժամանակ բնակչությանը բնաջնջվելուց փրկելու համար Արցախի Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից հետո, այլ մինչ այդ։ Սա է վկայում ԱԳՆ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ստացված գրությունը։
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին ՀՀ ԱԳն-ից ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման հայտնել էին, որ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։ «Փաստինֆո»-ի մոտ հարց առաջացավ՝ արդյոք սա վկայում է, որ Լեռնային Ղարաբաղի որպես միավորի գոյությունը ՀՀ ԱԳՆ-ն ընդունում էր, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարեցին, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս։ Ի վերջո, երբ ԼՂ-ն դադարեց գոյություն ունենալ ՀՀ-ի համար՝ Պահայում, թե ԼՂՀ-ն լուծարելու մասին հաղորդագրության տարածումից հետո։ Առավել եւս, երբ «Ազատության» հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ակնհայտ կեղծիք էր տարածել, քանի որ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագիր երբեւէ չի հրապարակվել, այլ ընդամենը՝ հաղորդագրություն, որին հաջորդել է մեկ այլ հաղորդագրություն, որ իրավական ուժ ունեցող նման հրամանագիր գոյություն չունի։
Գրավոր 5 հարց էինք ուղղել ՀՀ ԱԳՆ-ին դեռեւս ապրիլի 21-ին։ Ըստ այդմ՝ խնդրել էինք հայտնել, թե՝ թե՞
– որ պահից սկսած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարել գոյություն ունենալ։
– 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, այդ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունե՞ր, թե՞ ոչ։
– ԱԳՆ-ում առկա՞ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումը վկայող որևէ փաստաթուղթ՝ օրենքով սահմանված կարգով հրապարակված։
– Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարում են, որ լուծարելու հրամանագիր գոյություն չունի, խնդրում ենք հայտնել, թե ինչու ԱԳՆ-ն հիմք չի ընդունում այս հայտարարությունը։
– Ձեր գնահատմամբ՝ ՀՀ-ն կարո՞ղ է լուծարվել նախագահի հրամանագրով, ՀՀ Սահմանադրությունը նման ընթացակարգ նախատեսո՞ւմ է։
Այս հարցերին ՀՀ ԱԳՆ-ն խուսափել է, ըստ էության, պատասխանել։
Նշված 5 հարցերին ի պատասխան ԱԳն-ից հանկարծ հիշել են, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին Ալմա –Աթայի հռչակագրի ստորագրման պահից ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանների շրջանակում։
Սա այն դեպքում, երբ 2022 թ-ի օգոստոսի 4-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր «Ադրբեջանի նախագահը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը»։
Մեջբերենք Փաշինյանի հայտարարությունից մի հատված. «Ադրբեջանը պետք է կատարի իր երեք պարտավորությունները, որոնք ստանձնել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը ապահովող կարևորագույն ինստիտուտն է»։
Այսպիսով՝ փաստացի ԱԳՆ-ն ընդունել է, որ դիմում են պարզ մանիպուլյացիայի՝ փորձելով Արցախի իշխանություններին մեղադրել Արցախի կորստի մեջ։ Պաշտոնապես ԱԳՆ-ն ընդունել է, որ Արցախի գոյությունը իրենց օրակարգից դուրս է եկել 2022 թվականի հոկտեմբերին, հետեւապես Փաշինյանի բոլոր հայտարարությունները՝ Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, եղել է մանիպուլյացիա, նա ունեցել է որոշում հանձնելու Արցախը, սակայն հնչեցրել է հակառակ հայտարարությունները՝ հանրությանը խաբելու եւ իշխանությունը պահելու համար։