Ինձ առավել շատ հետաքրքրեց մեկ այլ դրույթ նույն հոդվածից։ Ասում է՝ Բուլկին Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ շենքը ձեռք է բերել իր՝ քաղշին նախարար եղած ժամանակ։ Տրամաբանական հարց է ծագում, թե այդ ի՜նչ լավ աշխատավարձ է ստանալիս եղել Բուլկին, որ ամբողջ շենքեր է ձեռք բերել, այն էլ՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Եթե նրա պապիկը սովետի ստվերային միլիոնատեր Կորեյկոն չէր, հասկանալի է, որ պետծառայող Բուլկին կարող էր նման կապիտալ դիզել միայն օրենք խախտելով, ինչպես շատ-շատ իր կոլեգաներ ու կուսակիցներ։ Ու տխուրն այն է, որ մենք այնքան ենք համակերպվել այդ բարձիթողի վիճակի ու թողատվության հետ, որ անգամ չեմ էլ պատրաստվում հնչեցնել պրիմիտիվ հարց․ իսկ ինչո՞ւ նրան չեն փորձում անգամ ստուգել ու առավել ևս՝ պատժել։
Միայն մեկ հարց․ սիրելի՛ իշխանություններ, ախր ինչպե՞ս հավատանք ձեզ, եթե ամեն առավոտ մեր աչքն են մտցնում հավաքական Բուլկու կերածներն ու գռփածները և դա համեմում են նրանով, որ իմ հայրենի պետությունը վաղուց արդեն համակերպվել է դրա հետ ու սնուցում է հավաքական Բուլկիներին արդեն միանգամայն օրենսդրական հիմունքների վրա։