27 Սեպտեմբերի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել:

Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ չունենալով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու իրավունք 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չի կիրառվել սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Քուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն նրանք եղել են ազատության մեջ, եւ, ահա, 7 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո քուրդ ազատամարտիկները, որոնք գտնվել են Հայաստանում եւ պայքարել են թուրքական բռնատիրության դեմ, այսօր Թուրքիայում են:

Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում, ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաեւ արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս